«Ես հերքում եմ ինձ՝ „Ժառանգություն“ կուսակցության ղեկավար մարմնում ընտրելու լուրերը. չգիտեմ, թե որտեղից է այդ տեղեկատվությունը»,-մայիսի 18-ին տեղի ունեցած մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է նախկին դաշնակցական, քաղաքական վերլուծությունների «Ակունք» կենտրոնի տնօրեն Ռուբեն Հակոբյանը։ Հակոբյանի խոսքով, նման պայմանավորվածություն չկա։ «Ես հերքում եմ նման պայմանավորվածությունը»,- նշեց նախկին դաշնակցականը՝ միեւնույն ժամանակ հավելելով, որ ՀՅԴ-ից հեռանալիս ինքը ընտրության երկու ճանապարհ ուներ՝ կամ սեփական նոր կուսակցություն հիմնել կամ անդամագրվել այնպիսի մի կուսակցության, որի գաղափարախոսությունը, կեցվածքը եւ կենսագրությունն ընդունելի կլինեին իր համար: «Այս առումով „Ժառանգությունն“ իսկապես համապատասխանում է իմ սկզբունքներին։ Այնտեղ իսկապես ազնիվ մարդիկ են հավաքված»,- նկատեց Հակոբյանը՝ ընդգծելով, որ «Ժառանգությունն» այս ամբողջ ընթացքում ճիշտ կենսագրություն է ապրել: Դա է պատճառը, որ ես որոշեցի իմ հետագա քաղաքական գործունեությունը շարունակել հենց այդ կուսակցության հետ",- ամփոփել է նախկին դաշնակցականը։