Վերջին շրջանում տպավորություն է ստեղծվել, թե խնդիր է դրված ղարաբաղյան հակամարտության հարցում որոշակի առաջընթաց արձանագրել. ավելին, խնդիր է դրված այդ առաջընթացն արձանագրել գոյություն ունեցող ստաուս-քվոյի որոշակի փոփոխությամբ։ Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ նման կարծիք հայտնեց քաղաքական վերլուծությունների «Ակունք» կենտրոնի տնօրեն, նախկին դաշնակցական Ռուբեն Հակոբյանը։
Նշելով, որ ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործընթացի «մերանը» Թուրքիան է, նա համոզմունք հայտնեց, որ վերջինս ջանում է ամեն կերպ ներգրավել ԼՂՀ հարցի լուծման գործընթացի մեջ. «Այն պահից, երբ Հայաստանի նախագահը խնդրեց Թուրքիային ղարաբաղյան հարցում հանդես գալ որպես միջնորդ, Թուրքիան դարձավ իրավիճակին „տոն տվող“։ Տարածաշրջանային գործոն դառնալու համար, գիտակցելով դրա անհրաժեշտությունը, նա գնաց Ռուսաստանի հետ հարաբերությունների սերտացման»,-հիշեցրեց Հակոբյանը։
Անդրադառնալով Ղարաբաղի հարակից 7 շրջաններից երկուսի՝ Քելբաջարի եւ Ֆիզուլիի հնարավոր վերադարձի թեմային՝ նախկին դաշնակցականը նկատեց, որ որքան հարցը հրատապ եւ շրջանառվող է դառնում, այնքան Հայաստանը ավելի է ցույց տալիս իր անճարակությունը։ «Թեպետ դժվար է դա ընդունել որպես կատեգորիկ ճշմարտություն, սակայն երկու շրջանների վերադարձի հարցը շատ ռեալ է։ Քելբաջարը Հայաստանը եւ Լեռնային Ղարաբաղը միացնող ռազմավարական օղակ է, եւ եթե շեշտը դրվում է այդ շրջանի հնարավոր վերադարձի վրա, նշանակում է դա շատ վտանգավոր է»,- նշեց Հակոբյանը։
Ամփոփելով՝ «Ակունք» կենտրոնի տնօրենը համոզմունք հայտնեց, որ ինչ-որ պահի ԼՂՀ պետք է դառնա բանակցային լիարժեք կողմ։ «Հասունանում է այն պահը, երբ Ղարաբաղի խոսքը պետք է լսելի լինի, եւ նա պետք է մտնի խաղի մեջ»,- նկատեց նա։




























