Հայ-թուրքական արձանագրությունների առկախումը Թուրքիային լիարժեք կերպով մանեւրելու եւ խուսանավելու հնարավորություն տվեց։ Նման դիտարկմամբ մայիսի 18-ին տեղի ունեցած մամուլի ասուլիսի ժամանակ հանդես եկավ քաղաքական վերլուծությունների «Ակունք» կենտրոնի տնօրեն, նախկին դաշնակցական Ռուբեն Հակոբյանը։
Նրա համոզմամբ, քանի որ հայ-թուրքական գործընթացը անորոշ ժամանակով ձգձգվել է, հետեւաբար «ողջամիտ ժամկետների» հետ կապված խնդիրներ այլեւս գոյություն չունեն, եւ Թուրքիան արձանագրությունները կարող է վավերացնել մեկ, երկու, կամ, ասենք, երեք տարի հետո։ «Այս պարագայում ճիշտ կլինի, որպեսզի 2-3 ամսվա չափով կրկին ողջամիտ ժամկետ ֆիքսվի, եւ եթե այդ ընթացքում Թուրքիան չվավերացնի արձանագրությունները, Հայաստանը պետք է հետ վերցնի իր ստորագրությունները, արժանապատիվ կերպով ավարտի գործընթացը»,- ավարտեց Հակոբյանը՝ ավելացնելով, որ դրա համար միջազգային հանրությունը Հայաստանին չի մեղադրի։




























