«Երբ ասում ենք խնդրի կարգավորման բանալի, պետք է հասկանաք, թե ինչ է նշանակում կարգավորում։ Իսկ ԼՂ խնդրի կարգավորման բանալին, ըստ իս, գտնվում է Հայաստանի եւ Ադրբեջանի ձեռքերում»,- NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում նման տեսակետ է հայտնել քաղաքագետ Երվանդ Բոզոյանը՝ ցավով նշելով, թե մոտ ապագայում խնդրի կարգավորում չպետք է ակնկալել։ «Ադրբեջանի կողմից ես չեմ տեսնում տրամաբանված փոխզիջումների պահանջ։ Այդ պատճառով հայկական կողմի վրա ցանկացած ճնշում՝ զիջումների գնալու համար, կնշանակի ոչ թե հակամարտության կարգավորում, այլ նոր պատերազմի սկսում»,- արձանագրել է Ե. Բոզոյանը։

Քաղաքագետը կարծիք է հայտնել, թե կողմերը պետք է համատեղ աշխատանքի միջոցով կարողանան գտնել խնդրի կարգավորման բանալին. «Զիջումներ անելու ռեսուրս այս պահին Հայաստանը չունի, որովհետեւ բոլոր պայմաններին բավարարել է։ Գիտենք, որ այս ընթացքում, ինչ ներկայացվել են „Մադրիդյան սկզբունքները“, Հայաստանը միշտ դրական է արտահայտվել դրանց վերաբերյալ։ Իսկ Ադրբեջանն այսօր փաստացի պահանջում է ամբողջ Ղարաբաղը։ Այս իրավիճակում Հայաստանի կողմից որեւէ զիջման գնալը ուղղակի կվտանգի մեր անվտանգությունը»,- նշել է քաղաքագետը։ NEWS.am-ի մյուս հարցին՝ կո՞ղմ եք ԼՂ խնդիրը ԵԱՀԿ Մինսկի խմբից այլ ֆորմատ տեղափոխելուն, Երվանդ Բոզոյանը պատասխանել է, թե դա ապակառուցողական ազդեցություն կարող է ունենալ խնդրի կարգավորման վրա։ «Ցանկացած ֆորմատ պետք է խնդիր դնի սառեցնել հակամարտությունը, որպեսզի չեզոքացնի նոր պատերազմի հավանականությունը։ Ես խնդրի լուծման ուղղությամբ տեսնում եմ երկու սցենար՝ խնդրի սառեցում եւ նոր պատերազմ։

Իսկ երրորդ սցենարի իրականացումը՝ ընդհանուր հայտարարի գալ, ես հավանական չեմ համարում։ Մինսկի խումբն իր դերը կատարում է ու փորձում է ամեն կերպ պատերազմի վտանգը չեզոքացնել։ Այդ իմաստով, եթե խնդրի կարգավորումը փորձ արվի տեղափոխել մեկ այլ ֆոմատ, այդ ֆորմատը խնդիրը չի կարող լուծել։ Քանի որ որեւէ այլ ֆորմատ նման լեգիտիմ ներկայացվածություն չի ունենա, ինչպես Մինսկի խումբն է՝ եռանախագահող երկրներով»,- նկատել է քաղաքագետը։ Մեր դիտարկմանը՝ կարելի՞ է ասել, որ Մինսկի խումբը ԼՂ խնդրով զբաղվող ամենաիդեալական ձեւաչափն է, Բոզոյանը պատասխանել է՝ «չէի ասի, որ իդեալական է, բայց եղածներից ամնաարդյունավետն է»: