Լոնդոնի էլիտար Հեմփսթեդ թաղամասում վաճառքի է հանվել մի տուն, որտեղ 20-րդ դարի կեսերին ապրել է Ֆրանսիայի Հինգերորդ Հանրապետության հիմնադիր եւ առաջին նախագահ, գեներալ Շառլ դը Գոլը՝ հայտնում է Mansion Global-ը:
Ըստ պարբերականի՝ դը Գոլը եւ նրա ընտանիքն ապրել են առանձնատանը 1940 -ականներին, երբ նացիստները վերահսկողություն հաստատեցին Ֆրանսիայի վրա: Գեներալի կինը՝ Իվոն դը Գոլը, հավեր էր պահում բակում՝ կրտսեր դստերը թարմ ձվերով կերակրելու համար:
Քոթեջը, որը կառուցվել է 18-րդ դարի կեսերին, գնահատվել է 15 միլիոն ֆունտ ստերլինգ եւ վերջին անգամ վաճառվել է ավելի քան կես դար առաջ:
Պատմական օբյեկտի վաճառքով զբաղվում են Bargets Estate Agents եւ Knight Frank գործակալությունները: Տան ընդհանուր մակերեսը գրեթե 1.4 հազար քառակուսի մետր է: Ռիելթորները կարծում են, որ առանձնատուն գնելու համար մեծ հետաքրքրություն կցուցաբերեն «ամենատարբեր կողմեր»: Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ գեներալ Շառլ դը Գոլը կռվում էր նացիստական Գերմանիայի զորքերի դեմ, իսկ 1940 թվականին Փարիզի՝ օկուպանտների վերահսկողության տակ անցնելուց հետո նա Լոնդոնում հիմնադրեց «Ազատ Ֆրանսիա» կազմակերպությունը: Մեծ Բրիտանիայում գործունեությունը գեներալին Դիմադրության շարժման առաջնորդներից մեկը դարձրեց:
Ֆրանսիայի ազատագրումից հետո 1944-ին Շառլ դը Գոլը Ֆրանսիայի կառավարության նախագահ դարձավ, բայց երկու տարի անց նա թողեց այս պաշտոնը եւ բնակություն հաստատեց Կոլոմբեյ-լե-Դե-Էգլիզի կալվածքում: 1950-ականների վերջին՝ երկրում ճգնաժամի դարաշրջանում, դը Գոլը վերադարձավ քաղաքականություն եւ սահմանադրական բարեփոխում նախաձեռնեց, որը հանգեցրեց այսպես կոչված Հինգերորդ Հանրապետության հիմնադրմանը: 1959 թվականին դը Գոլը դարձավ Ֆրանսիայի նախագահ եւ զբաղեցրեց այդ պաշտոնը տասը տարի: 1970 թվականին՝ թոշակի անցնելուց մեկ տարի անց, նա մահացավ:





























