ՀՀ կրթության եւ գիտության նախարար Արմեն Աշոտյանը հանդիպել է ՀՀ մի շարք բուհերի ուսանողների հետ, ովքեր մագիստրոսական եւ ասպիրանտական տեղերի բաշխման վերաբերյալ ՀՀ կառավարության որոշման դեմ բողոքի ցույցեր էին կազմակերպում: ՀՀ կրթության եւ գիտության նախարարությունում կայացած հանդիպման ընթացքում ուսանողները մեկ անգամ եւս արտահայտել են իրենց հիմնական մտահոգությունները, այն է՝ առանց տարկետման իրավունքի տեղերի նվազումը, ըստ ուսանողների, կարող է լուրջ հարված հասցնել գիտության հետագա զարգացմանը:
Ինչպես NEWS.am-ը տեղեկանում է ԿԳՆ մամուլի ծառայությունից, նախարար Աշոտյանն ասել է. «Երկար տարիներ գործող համակարգը չի բավարարել գիտամանկավարժական կադրերի պատրաստման եւ զարգացման մակարդակը. այն պետության կողմից հովանավորման ենթակա խնդիր է եւ միայն պետպատվերի ձեւավորման միջոցով այդ խնդիրը չի լուծվում»:
Անդրադառնալով բակալավրիատի տեղերի հատկացման սկզբունքներին՝ նախարարն ասել է, որ տարիներ շարունակ պետական եւ ոչ պետական բուհերը, գործելով կողք կողքի, ունեցել են իրենց խնդիրները, մասնավորապես՝ ոչ պետական բուհերն օգտվել են ընդունելության հեշտացված կարգից, իսկ պետական բուհերն ունեցել են տարկետման իրավունք ընձեռելու առավելություն: Ըստ այդմ, խեղվել է մրցակցային շուկան: Այդ է պատճառը, որ հաջորդ տարի ՀՀ բոլոր բուհերում ընդունելությունը կանցկացվի միասնական ընթացակարգով՝ բոլորի համար ապահովելով նույն դաշտում գործելու հնարավորություն:


























