Հայաստանը մեծապես կարեւորում է ԵԱՀԿ-ի դերակատարությունը մեր տարածաշրջանում կայունության եւ անվտանգության հաստատման գործում: Այդ մասին հայտարարել է Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը՝ ԵԱՀԿ մամուլի ազատության հարցերով ներկայացուցիչ Դունյա Միյատովիչի հետ հանդիպմանը:
Նախագահի մամուլի գրասենյակից NEWS.am-ին հայտնում են, որ Նախագահ Սարգսյանն ասել է, թե Հայաստանը մեծապես կարեւորում է ԵԱՀԿ-ի դերակատարությունը մեր տարածաշրջանում կայունության եւ անվտանգության հաստատման գործում: Սերժ Սարգսյանը նաեւ ընդգծել է ԵԱՀԿ-ի տարբեր կառույցների գործունեության կարեւորությունը մեր երկրում ժողովրդավարության հետագա ամրապնդման, օրենքի գերակայության հաստատման, ընտրական գործընթացների կատարելագործման եւ մարդու հիմնարար ազատությունների պաշտպանության գործում:
Դունյա Միյատովիչը նշել է, որ առաջին անգամ է այցելում Հայաստան եւ տպավորված է իր աշխատանքային խմբին այստեղ ցուցաբերված լավ ընդունելությամբ եւ համագործակցության պատրաստակամությամբ: Միյատովիչը ողջունել է ՀՀ կառավարության` քաղաքացիական, քրեական եւ քրեական դատավարության օրենսգրքերում վիրավորանքի եւ զրպարտության ապաքրեականացմանն ուղղված քայլերը` այն համարելով մամուլի ազատությունը խթանող կարեւոր հանգամանք, ինչը, նրա խոսքով, բազմաթիվ արեւմտաեվրոպական երկրներ եւս նոր են նախաձեռնում:
Նշենք, որ Հայաստանի խորհրդարանի պատգամավորները առաջին ընթերցմամբ ընդունել են «Հեռուստատեսության եւ ռադիոյի մասին» օրենքը, որով առաջարկվում է մինչեւ 2013 թվականը անցնել թվային հեռարձակման:




























