«Մենք ենք այս քաղաքի տերը» նախաձեռնությունը հայտարարություն է տարածել, որտեղ նշում է, որ Տերյան փողոցի հատվածում կառուցվող խորը հիմքերով բետոնե շինության իրական սեփականատերն է հանդիսանում դերասան Արմեն Մարությանը (Գ.Սունդուկյանի անվան թատրոն, «Շանթ» եւ «Արմենիա» հեռուստաընկերությունների մի քանի սերիալներ):

Սակայն դերասան Արմեն Մարությանը հայտնել է, որ ինքն էլ չգիտի՝ ինչ են կառուցում եւ որ այգու տարածքում իրեն է պատկանում ընդամենը 120 քմ տարածքով շենքը, որը մոնոթատրոնի շենք է: Շենքն ունի 12 տարվա պատմություն` ներքեւում փորձասրահ է, տակը` սրճարան: Այն աշխատում է որպես «12 club»: «Ես մտածում եմ այստեղ մոնոթատրոն խաղալ, որովհետեւ այն մեր օրերում մեծ թափ է ստացել»,- ասել է Ա. Մարությանը՝ հավելելով, որ ինքն էլ այստեղ մի քանի տասնյակ ծառ է տնկել:

Նա կրկին շեշտել է, թե չգիտի, թե ինչ է կառուցվում այգու տարածքում եւ ում է այն պատկանում: Մարությանը նաեւ ընդգծել է, որ պատրաստ է միանալ այն բոլոր մտավորականներին, որոնք ստորագրել են «Ուսանողական այգին» բետոնապատումից փրկելուն ուղղված հայտարարության տակ: Նշենք, որ Ուսանողական այգու աջակիցների թվում են Արթուր Մեսչյանը, Լեւոն Արոնյանը, Ջիմ Թորոսյանը, Լեւոն Վարդանյանը, Դավիթ Երեւանցին եւ Երեւանի մյուս իրական տերերը: