Մեծ Բրիտանիայում հայտնաբերված միջնադարյան ձեռագրերի հատվածները, որոնք հրաշագործ Մերլինի մասին պատմություններ են պարունակում, Բրիստոլի եւ Դարեմի համալսարանների մասնագետների կողմից ճանաչվել են որպես Արթուր թագավորի լեգենդներում՝ այս կերպարի ամենավաղ հիշատակություններից մեկը: Այս մասին հաղորդվել է Բրիստոլի համալսարանի մամուլի հաղորդագրության մեջ, փոխանցել է Gazeta-ն:
Բրիտանացի գիտնականներին հաջողվել է նաեւ պարզել, թե ինչպես են իրենց ուսումնասիրած ձեռագրերի հատվածները հայտնվել Բրիստոլում, համեմատել տեքստը նույն լեգենդի արդեն հայտնի տարբերակների հետ եւ, վերջապես, օգտագործելով վերջին տեխնոլոգիաներ, կարողացել են որոշել օգտագործված թանաքի տեսակը եւ կարդալ տեքստի վնասված հատվածները, որոնք անզեն աչքով անտեսանելի են:
Բրիստոլի համալսարանից Մայքլ Ռիչարդսոնը 2019 թվականի սկզբին պատահաբար հայտնաբերել է մագաղաթի յոթ կտորները: Դրանք ամրացվել են 1494–1502 թվականներին հրատարակված չորս հատորների կազմերին եւ պահվել Բրիստոլի կենտրոնական գրադարանի հազվագյուտ գրքերի հավաքածուում: 13-րդ դարով թվագրվող կտորները պարունակում են հատվածներ հին ֆրանսիական անանուն ձեռագրերից, որոնք հայտնի են որպես «Վուլգատի» ցիկլ կամ «Լանսելոտ-Գրաալի» ցիկլ:
«Մենք կարողացանք թվագրել ձեռագիրը, որից վերցված էին հատվածները` օգտագործելով հնագրագիտական (ձեռագրային) վերլուծություն: Այն ստեղծվել է 1250-1275 թվականներին: Իսկ լեզվաբանական հետազոտության օգնությամբ կարողացանք որոշել դրա ծագման վայրը` Ֆրանսիայի հյուսիս կամ հյուսիս-արեւելք», - հայտարարել է պրոֆեսոր Լիա Թետերը: Հետաքրքիր է, որ հատվածները փոքր, բայց կարեւոր տարբերություններ են պարունակում նախկինում հայտնի ձեռագրերից:
Այս ցիկլի հատվածները գուցե օգտագործվել են սըր Թոմաս Մելորիի կողմից (1415-1471) որպես Le Morte Darthur-ի համար աղբյուր (առաջին անգամ տպագրվել է 1485 թ. Ուիլյամ Քեքսթոնի կողմից), եւ ցիկլն, իր հերթին, Արթուր թագավորի մասին լեգենդի ժամանակակից վերապատմումների հիմնական աղբյուրն է հանդիսանում:





























