ՄԱԿ-ի Պարենի եւ գյուղատնտեսության կազմակերպությունը (ՊԳԿ) հայտարարել է, որ պարենի համաշխարհային գները օգոստոսին աճել են երկու ամսվա անկումից հետո, ինչը պայմանավորված է շաքարավազի, բուսական յուղի եւ որոշ հացահատիկային ապրանքների մեծ գնաճով:

2021 թվականին հացահատիկի համաշխարհային բերքը կկազմի գրեթե 2.788 միլիարդ տոննա, ինչը ցածր է նախկին գնահատականից՝ 2.817 միլիարդ տոննայից, սակայն բարձր է 2020 թվականի մակարդակից:

ՊԳԿ-ի պարենի գների ինդեքսը, որը հետեւում է աշխարհի ամենավաճառվող պարենային մթերքների միջազգային գներին, անցյալ ամիս կազմել է միջինը 127.4 միավոր՝ հուլիսի 123.5-ի համեմատ:

Տարեկան կտրվածքով՝ օգոստոսին գները աճել են 32.9 տոկոսով: Օգոստոսին հացահատիկի գների ինդեքսը նախորդ ամսվա համեմատությամբ աճել է 3.4 տոկոսով, իսկ արտահանող մի քանի խոշոր երկրներում քիչ բերքի ակնկալիքները համաշխարհային հացահատիկի գները բարձրացրել են 8.8 տոկոսով, մինչդեռ աճը հազիվ հասել է 9.0 տոկոսի:

Ի հակադրություն դրա, եգիպտացորենի ու բրնձի համաշխարհային գները նվազել են:

Շաքարավազի ինդեքսը հուլիսից աճել է 9.6 տոկոսով, ինչի պատճառը շաքարավազի խոշորագույն արտահանող Բրազիլիայում ցրտահարության պատճառով հասցված վնասի վերաբերյալ մտավախություններն են: Հնդկաստանում եւ Եվրամիությունում արտադրության լավ հեռանկարները որոշ չափով նզացեցրել են այդ մտահոգությունները:

Բուսական յուղի գներն աճել են 6.7 տոկոսով, իսկ արմավենու յուղի գները հասել են բոլոր ժամանակների առավելագույնին՝ կապված արտադրության մակարդակի եւ Մալազիայում պաշարների կրճատման հետ: Աճել են նաեւ արեւածաղկի ձեթի գները:

Օգոստոսին մսի գները փոքր-ինչ աճեցին, քանի որ Չինաստանում բարձր գնումները պահպանեցին ոչխարի եւ տավարի մսի գները, իսկ Արեւելյան Ասիայից եւ Մերձավոր Արեւելքից ներմուծման մեծ պահանջարկը բարձրացրեց թռչնամսի գինը: