Մայիսի 24-ին Երեւանում, Կոմիտասի անվան Կամերային երաժշտության տանը տեղի կունենա «Բրազիլիան 4 կիթառների հնչուններով» համերգը ՄԱՈԳԱՆԻ կիթառի քառյակի՝ ժամանակակից բրազիլիական երաժշտության ամենահայտնի գործիքային խմբերից մեկի կատարմամբ:
Միջոցառումը հովանավորում են Երեւանում Բրազիլիայի դեսպանատունը եւ ՀՀ մշակութի նախարարությունը:
Խումբը կազմավորվել է 1995թ, ներկայացնելով երաժշտության մեկնաբանման եւ գործիքավորման նոր մոտեցում նվագախմբի այնպիսի կազմով, ինչը բրազիլական երաժշտության ասպարեզում գրեթե չբացահայտված եւ անգամ անսպասելի է: Խմբի բազմահնչեղ երաժշտությունը արժանացել է քննադատների, հանրության, ինչպես նաեւ երաժշտության ասպարեզում հեղինակավոր մարդկանց առանձնահատուկ ուշադրությանը:
Երեւանյան համերգի ընթացքում խումբը ներկայացնելու է 19-րդ դարից ի վեր բրազիլական երաժշտության համառոտ ակնարկ, Choro-ի ժանրը (բրազիլիական գործիքային երաժշտության ամենահայտնի ժանրը), անցումներ կատարելով առավել ներկայանալի կոմպոզիտորների՝ Հեյտոր Վիլա-Լոբոսի ու Հադամես Գնատալիի գործերին, եւ ավարտելու է Բրազիլիայում հնչող արդի երաժշտության կատարումներով:


























