Մադրիդյան սկզբունքների գաղտնազերծված մասում շատ հստակ նշված է, որ հիմնախնդիրը պետք է կարգավորվի միջազգային իրավունքի երեք նորմերի հիման վրա. ժողովուրդների ինքնորոշում, տարածքային ամբողջականություն եւ ուժի չկիրառում: Այն, ինչ հայտարարում է Ադրբեջանը, միանշանակ հակասում է մադրիդյան սկզբունքներին:

Այնպիսի տպավորություն է, որ Բաքուն ինքն իր հետ բանակցում է, գալիս է իր համար ընդունելի ինչ-որ լուծումների եւ իր ցանկությունները փորձում է ներկայացնել որպես բանակցությունների արդյունք: Դա բանակցային գործընթացի միանշանակ խեղաթյուրում է: Այդ մասին հայտարարել է Հայաստանի փոխարտգործնախարար Շավարշ Քոչարյանը՝ Հանրային հեռուստաընկերությանը տված հարցազրույցում:

Նա ընդգծել է, որ 2007 թ. մադրիդյան սկզբունքներն այն փաստաթուղթն են, որը կողմերը ընդունել են որպես բանակցային գործընթացի հիմք: Դրանից հետո համանախագահների կողմից եղել են տարբեր առաջարկություններ, որոնք հիմնականում մերժվել են հենց Ադրբեջանի կողմից: Վերջին օրինակը, դա դիպուկահարներին շփման գծից հետ քաշելն էր, որն Ադրբեջանը կտրականապես մերժեց:

«Ի սկզբանե որդեգրած Ադրբեջանի ուժային քաղաքականությունը` հայկական ջարդեր, էթնիկ զտումներ, լայնածավալ ագրեսիա: Ո՞վ է պատասխանատուն հետեւանքների համար: Բնական է ագրեսոր Ադրբեջանը, որն ի սկզբանե որդեգրեց այդ ուժային մոտեցումը եւ ով ռազմական ագրեսիա ծավալեց Լեռնային Ղարաբաղի Հանրապետության դեմ: Սա է էությունը»,- նշել է ԱԳՆ ղեկավարի տեղակալը. «Իսկ ի՞նչ է, Ադրբեջանը այսօր պատրա՞ստ է ընդունել ԼՂ ժողովրդի արտահայտված կամքը: Դատելով իրենց հայտարարություններից` ոչ: Ի՞նչ է, ինքը պատրա՞ստ է իր կողմից օկուպացված ԼՂՀ տարածքները վերադարձնել: Ակնհայտ է, որ` ոչ: Այնպես որ, Ադրբեջանը կլինի կառուցողական այն պահից, երբ հենց այն տրամաբանությամբ, որով գնում են բանակցությունները, նախեւառաջ լուծվեն այն սկզբունքային հարցերը, որոնք կապված են կարգավիճակի հետ: Քանի այդ ուղղությամբ Ադրբեջանը փորձում է խուսանավել, առաջընթաց չի լինի»:

Խոսելով ղարաբաղյան հարցի շուրջ թուրքական կողմի հայտարարությունների մասին՝ Շավարշ Քոչարյանն ասել է. «Գիտենք, որ հանդիպում են, այո հանդիպում են: Բայց երբեք չեն ասում, իսկ ի՞նչ են իրենց պատասխանում այդ երկրների ղեկավարները. Ռուսաստան, ԱՄՆ, Ֆրանսիա, Եվրամիություն, համանախագահներ: Չէ որ, դա նույնիսկ հրապարակային է հայտարարվել, որ հիմնախնդիրը լուծվում է Մինսկի խմբի շրջանակներում: Ըստ էության, Թուրքիային ասել են, որ ինքը այնտեղ անելիք չունի: Եվ Թուրքիայի վարչապետի կողմից անընդհատ այդ նույն հարցին անդրադառնալը, անընդհատ նույնը կրկնելը, վերջիվերջո բերեց նրան, որ հենց Թուրքիան դուրս մղվեց այս տարածաշրջանում քաղաքակիրթ հարաբերություններ կառուցողների շրջանակից»:

Դիվանագետի խոսքով, իրականում Թուրքիան կարող էր անելիք ունենալ մի դեպքում, եթե նա դրդեր Ադրբեջանին՝ կառուցողական լինել, այլ ոչ թե իր հայտարարություններով, ըստ էության, հրահրեր Ադրբեջանին ավելի կարծր դիրքորոշման:

«Ի դեպ, մեկ-մեկ այնպիսի տպավորություն է, որ Թուրքիային ձեռնտու չէ այդ հարցի կարգավորումը: Միգուցե այդ կրտսեր եղբոր կարգավիճակը ձեռք է տալիս Թուրքիային: Ինչո՞ւ: Որովհետեւ, եթե հարցը լուծված է, ապա կախվածությունը էապես նվազում է: Իսկ որ երկու եղբայրների միջեւ հարաբերությունները, այնքան էլ եղբայրական չեն, մենք դրանում համոզվեցինք նախորդ տարվա մոտավորապես այս ժամանակահատվածում, երբ Ադրբեջանը բացահայտ նեղացած կեցվածքով սկսեց „հարձակում“ Թուրքիայի նկատմամբ»,- նշել է նա:

Ըստ Քոչարյանի՝ Ադրբեջանն այդպես անում է բոլորի հանդեպ: Եւ դա վկայում է մի բանի մասին. «Ի դեպ, նա դա անում է բոլոր երկրների նկատմամբ: Վերջերս թիրախ են դարձել Ամերիկայի Միացյալ Նահանգները: Սա մի բանի մասին է խոսում: Եթե երկիրը անընդհատ բոլորից նեղացած է. մեկ Ռուսաստանից, մեկ Մինսկի խմբից, Ամերիկայից, Թուրքիայից, ամբողջ աշխարհից: Դա խոսում է այն մասին, որ այն քաղաքականությունը, որ իրենք վարում են, ընդամենը պրոպագանդա է, այլ ոչ թե իրական առաջընթացի ձգտում: Դա ընդամենը ձգտում է, որ այն մեղքը, այն պատասխանատվությունը, որ իրենցն է, գցեն ուրիշի վրա: Իհարկե, այդպիսի մոտեցումով մենք առաջընթաց չենք արձանագրի: Եւ այդ ձանձրալի պնդումները, միայն մի բանի գնահատական են` Ադրբեջանի ձախողված քաղաքականության»,- ամփոփել է Շավարշ Քոչարյանը: