Ես մեծ տեղ եմ տալիս գրական հայերենին, սակայն այսօրվա իրականությունը եւ գլոբալիզացիայի պայմանները լեզվաիմացության իրենց կանոններն են թելադրում։ Մայիսի 19-ին տեղի ունեցած մամուլի ասուլիսի ժամանակ նման հայտարարությամբ հանդես եկավ Հանրային խորհրդի անդամ Խոսրով Հարությունյանը՝ խոսելով Հայաստանում օտարալեզու դպրոցներ բացելու կառավարության որոշման մասին։

Նշելով, որ օտար լեզուների իմացությունը թույլ կտա առավել հեշտ կերպով հաղորդակցվել աշխարհի հետ՝ նա համոզմունք հայտնեց, որ պահպանելով հայերենի նկատմամբ ունեցած ողջ հարգանքը՝ հնարավորություն պետք է ընձեռել նաեւ այլ լեզուների զարգացմանը։ «Եթե կրոնի պատմությունը, մաթեմատիկան կամ աշխարհագրությունը դպրոցներում դասավանդվեն օտար լեզվով, կարծում եմ՝ դրանից ողբերգություն չի լինի։ Ես այն կարծիքին չեմ, որ օտարալեզու դպրոցների ստեղծումը ողբերգական հետեւանքներ կունենա մեզ համար. սա պարզապես հավելյալ հնարավորություն է»,- նկատեց Հարությունյանը։

Ասուլիսի մյուս բանախոս Հայաստանի Ազգային արխիվի տնօրեն Ամատունի Վիրաբյանը, հակառակը, համոզմունք հայտնեց, որ երեխան կրթությունը պետք է սկսի մայրենիով, հետո միայն անցնի օտար լեզուներ սովորելուն։ «Լեզուն միյան հաղորդակցման միջոց չէ, այն երեխաների մտածողության վրա շատ մեծ ազդեցություն ունի, եւ ի վերջո, լեզվով են դաստիարակվում»,- ընդգծեց Վիրաբյանը՝ հիշեցնելով, որ ազգային-ազատագրական բոլոր շարժումների ժամանակ առաջամարտիկները եղել են ոչ թե օտարալեզու, այլ առավելապես ազգային կրթություն ստացած մարդիկ։ «19-րդ դարի վերջին եւ 20-րդ դարասկզբին Շուշիի թեմական դպրոցից դուրս եկան Արամ Մանուկյանի եւ Վանա Սարգիսի նման մարդիկ, մինչդեռ ռեալական դպրոցից, ուր կրթությունն իրականացվում էր ռուսերենով, դուրս եկան միայն բոլշեւիկյան գործիչներ» ,- նկատեց Վիրաբյանը։

Հուշարձանագետ Սամվել Կարապետյանն իր հերթին ավելացրեց,որ ազգը ոչ մի կերպ չպետք է վտանգի մայրենին։ «Սփյուռքը, որ հայ ազգի շուրջ երկու երրորդն է կազմում, ճակատագրի բերումով արդեն իսկ տիրապետում է այս կամ այն օտար լեզվին, այնպես որ ավելիի կարիքը չի զգացվում։ Այս գործընթացն իր մեջ, իրապես, ձուլման վտանգ է պարունակում, քանի որ լեզուն է պահում ազգը»,- շեշտեց Կարապետյանը՝ համաձայնելով Վիրաբյանի այն կարծիքի հետ, թե ազգային ազատագրական շարժումների ժամանակ առաջին գծում միշտ եղել են ազգային կրթություն ունեցող մարդիկ։ «Ես ականատես եմ եղել, որ 90-ականներին Ղարաբաղում մարտնչող կամավորների զգալի մասն ազգային կրթություն ուներ, իսկ օրինակ կես միլիոնանոց ֆրանսահայ համայնքը ղարաբաղյան պայքարին տվեց ընդամենը չորս ազատամարտիկ»,- ավարտեց հուշարձանագետը։