Այսօր՝ մայիսի 14-ին Մինսկում մեկնարկել է Եվրոպայի սամբոյի 29-րդ մրցաշարը: Եվրոպայի լավագույն սամբիստների կոչումը վիճարկելու են 26 երկրների ներկայացուցիչներ:
Մրցաշարին մասնակցում են մարզիկներ՝ Ավստրիայից, Ռումինիայից, Խորվաթիայից, Հայաստանից, Բուլղարիայից, Ադրբեջանից, Հունաստանից, Ֆրանսիայից, Վրաստանից, Իտալիայից, Էստոնիայից, Լատվիայից, Լիտվայից, Մոլդովայից, Ռուսաստանից, Գերմանիայից, Թուրքիայից, Շվեյցարիայից, Ուկրաինայից, Սլովենիայից, Իսպանիայից, Չեխիայից, Սերբիայից, Բելգիայից, Չեռնոգորիայից եւ Հոլանդիայից:
Ինչպես NEWS.am-ին հայտնել էին Հայաստանի սամբոյի ֆեդերացիայի մամուլի ծառայությունից, Հայաստանը մրցաշարին ներկայացնելու են ութ մարզիկներ՝ Վահան Վարդանյանը (57 կգ), Արտավազդ Մինասյանը (68 կգ), Աշոտ Դանիելյանը (74 կգ), Մուշեղ Հովսեփյանը (82) եւ Տիգրան Կիրակոսյանը (52): Կանանց մրցումներում կմասնակի Ռուզաննա Սարգսյանը (48), իսկ մարտական սամբոյի մրցումներում՝ Վաչիկ Վարդանյանն (68) եւ Արտակ Ծատինյանը (90):
Բելառուսում Եվրոպայի առաջնությունը կայանում է արդեն երկրորդ անգամ:



























