2020 թվականին գրանցվել է օդի աղտոտիչների արտանետումների կարճաժամկետ կտրուկ նվազում՝ կապված կորոնավիրուսային համավարակի հետ կապված մեկուսացման միջոցառումների եւ ուղեւորությունների սահմանափակումների հետ: Այս մասին ասվում է Համաշխարհային օդերեւութաբանական կազմակերպության օդի որակի եւ կլիմայի վերաբերյալ առաջին զեկույցում:

Աղտոտման կրճատումը միատեսակ չէ՝ աշխարհի շատ մասերում գրանցվել են օդի որակի չափանիշները գերազանցող մակարդակներ: Աղտոտիչների որոշ տեսակներ շարունակել են աճել կանոնավոր կամ նույնիսկ ավելի բարձր մակարդակներով:

«COVID-19-ը չնախատեսված փորձ էր, եւ այն իսկապես հանգեցրեց տեղական ժամանակավոր բարելավումների», - ասել է ՀՕԿ-ի գլխավոր քարտուղար Պետերի Տաալասը:

ՀՕԿ-ը վերլուծել է հիմնական աղտոտիչներով օդի որակի փոփոխությունները՝ ներառյալ ազոտի երկօքսիդը, ածխածնի օքսիդը եւ օզոնը: Ժնեւում գործող կազմակերպությունը հայտնաբերել է վնասակար նյութերի արտանետումների «աննախադեպ կրճատում»:

ՀՕԿ-ի մթնոլորտային հետազոտությունների ղեկավար Օքսանա Տարասովան ասել է, որ նման միջոցների ազդեցությունը աղտոտիչների վրա կարճատեւ է: Շարժունակության նվազումը նշանակում է, որ «փողոցում մեքենաներ չկան, եւ անմիջապես նկատվում է օդի որակի բարելավում»: «Եվ, իհարկե, հենց որ մեքենաները վերադառնան փողոց, իրավիճակը կդառնա առաջվանը»:

ՀՕԿ-ը հայտնել է ազոտի օքսիդի միջին մակարդակի մինչեւ գրեթե 70 տոկոս նվազում եւ մինչեւ 40 տոկոս օդում մանր մասնիկների միջին մակարդակի նվազում անցյալ տարի մեկուսացման միջոցառումների ընթացքում` 2015-2019թթ. նույն ժամանակահատվածների համեմատ:

Սակայն, օրինակ, օզոնը մնացել է նույն մակարդակին կամ որոշ տեղերում՝ նույնիսկ աճել: Ածխածնի երկօքսիդի մակարդակը նվազել է բոլոր շրջաններում, հատկապես Հարավային Ամերիկայում:

Քաղաքականություն մշակողների համար առեղծված է այն, որ որոշ աղտոտիչներ, օրինակ՝ ծծմբի երկօքսիդը, իրականում օգնում են «սառեցնել» մթնոլորտը՝ մասամբ փոխհատուցելով կլիմայի փոփոխության հետեւանքները: