Աստրախանում ընթացող ՖԻԴԵ-ի «Գրան Պրի» շարքի վերջին մրցաշարի 4-րդ տուրում հայ գրոսմայստեր Վլադիմիր Հակոբյանը սպիտակներով ոչ ոքի է խաղացել ադրբեջանցի Շահրիյար Մամեդյարովի հետ:
Այս տուրում Ռուսաստանի ներկայացուցիչ Էռնեստո Ինարկիեւը սեւերով առավելության է հասել Վասիլի Իվանչուկի նկատմամբ եւ միացել առաջատարների խմբին: Հաշվետու տուրից հետո միանգամից 6 շախմատիստներ իրենց ակտիվում 2,5-ական միավոր ունեն: Մյուս 6 պարտիաներն ավարտվել են ոչ-ոքի արդյունքով:
Հաջորդ` 5-րդ տուրում Վլադիմիր Հակոբյանը խաղալու է կրկին Ադրբեջանը ներկայացնող Վուղար Հաշիմովի հետ:
4-րդ տուրից հետո մրցաշարային աղյուսակում առաջին 6 տեղերը 2,5-ական միավորով գլխավորում են Պետեր Լեկոն (Հունգարիա), Ռուսլան Պոնոմարյովը (Ուկրաինա), Վուղար Հաշիմովը (Ադրբեջան), Բորիս Գելֆանդը (Իսրայել), Էռնեստո Ինարկիեւը (Ռուսաստան) եւ Պավել Էլյանովը (Ուկրաինա):
7-9-րդ տեղերը զբաղեցնում են Թեյմուր Ռաջաբովը (Ադրբեջան), Վան Յուեն (Չինաստան) եւ Դմիտրի Յակովենկոն (Ռուսաստան):
10-13-րդ տեղերը զբաղեցնում են Շահրիյար Մամեդյարովը (Ադրբեջան), Պյոտր Սվիդլերը (Ռուսաստան), Վլադիմիր Հակոբյանը (Հայաստան) եւ Եվգենի Ալեքսեեւը Ռուսաստան), իսկ վերջին՝ 14-րդ տեղում Վասիլի Իվանչուկն է (Ուկրաինա), ով հավաքել է 1 միավոր:



























