Ռոբոտը, որը հետեւելու է հասարակական վարքի կանոնների պահպանմանը, սկսել է պարեկային ծառայությունը Սինգապուրի շրջաններից մեկում փորձարարական կարգով: Նախագծի հեղինակներն են Գիտության եւ տեխնոլոգիայի գործակալությունը, Շրջակա միջավայրի պաշտպանության գործակալությունը, Ցամաքային տրանսպորտի վարչությունը, Պարենամթերքի գործակալությունը, հաղորդում է «Իզվեստիա» թերթը:
«Խավիեր» ռոբոտը, որը համալրված է տեսախցիկներով եւ գիշերային տեսանելիության սարքերով, շուրջօրյա կգրանցի անթույլատրելի վայրում ծխելը, ապօրինի առեւտուրը, մոտոցիկլետների կամ էլեկտրասկուտերների տեղաշարժը հետիոտների համար անցումներով, ինչպես նաեւ կորոնավիրուսի համավարակի ռեժիմում սոցիալական նորմերի խախտումը:
Ռոբոտն իրական ժամանակի ռեժիմում կփոխանցի համապատասխան կառույցներին նկարներ, որոնք գրանցում են հասարակական կարգի խախտումները, միաժամանակ կնախազգուշացնի խախտողներին իրենց գործողությունների մասին:
Ինժեներները հայտնել են, որ սարքն ունի սենսորներ, որոնք թույլ են տալիս դրան արձագանքել անշարժ եւ շարժվող արգելքներին: Գիտափորձը կտեւի երեք շաբաթ:





























