Աֆղանական արմատական «Թալիբան» շարժման ղեկավարությունը որոշել է ներկել բազմաթիվ որմնանկարներն ու գրաֆիտիները, որոնք զարդարում էին Քաբուլի փողոցների պատերը, եւ դրանք փոխարինել թալիբների դրոշներով կամ կրոնական կարգախոսներով։ Այս մասին լրագրողներին տեղեկացրել է Քաբուլի փողոցային նկարիչների առաջնորդներից մեկը՝ Օմաիդ Շարիֆին, որը ներկայում հեռացել է Աֆղանստանից, հաղորդում է ՏԱՍՍ-ը։

Նա պատմել է, որ ArtLords արտ-խմբում միավորված աֆղանստանցի նկարիչները մոտ յոթ տարի են ծախսել, որպեսզի Աֆղանստանի մայրաքաղաքի պատերը զարդարեն վառ գրաֆիտիներով եւ որմնանկարներով, նկարիչների այդ կոլեկտիվը ստեղծել է ավելի քան 2 200 որմնանկար ամբողջ երկրում 2014 թվականից ի վեր։ Սակայն հիմա թալիբները ամենուրեք դրանք ներկում են սպիտակ գույնով։

«Ինձ թվում է, թե քաղաքը ծածկում են սպիտակ սավանով»,- Շարիֆիի խոսքերը երեքշաբթի մեջբերում է NDTV հեռուստաալիքը։

Նկարիչը, որն այժմ ԱՄԷ աֆղանստանցի փախստականների ճամբարում է, պատմել է, որ ArtLords-ի համահիմնադիրն է դարձել 2014թ.։ Նկարիչները հաճախ պատերին պատկերում էին սոցիալական նկարներ եւ ծաղրանկարներ Աֆղանստանի կարեւոր փողոցներում։ Արմատականներն անգամ նրանց «անհավատ» են անվանել։ Շարիֆին հիշեցնում է, որ Աֆղանստանում թալիբների առաջին իշխանության ժամանակ (1996-2001թթ.) կենդանի էակների պատկերումները խստորեն արգելված էին, ոչնչացվում էին նաեւ հեռուստացույցներն ու տեսաձայնագրիչները։