Մարտի 1-ի դեպքերն ուսունասիրող, լուծարված փաստահավաք խնբի երկու ընդդիմադիր անդամները՝ Անդրանիկ Քոչարյանը եւ Սեդա Սաֆարյանը , երեկ հրապարակել են իրենց՝ թվով 5-րդ զեկույցը, որը հաստատում է մարտի 1-ի իրադարձություններին բանակի ներգրավածության փաստը։

Համաձայն զեկույցում տեղ գտած ձեւակերպումների՝ մինչեւ ՀՀ նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանի կողմից 2008 թվականի մարտի 1-ին արտակարգ դրության մասին հրամանագրի ընդունումը պաշտպանության նախկին նախարար Միքայել Հարությունյանի 0038 հույժ գաղտնի հրամանով բանակային ստորաբաժանումներն արդեն իսկ տեղակայված են եղել մայրաքաղաքում՝ այս կերպ ներգրաված լինելով ներքաղաքական իրադարձություններում։ Զինված ուժերի մի շարք ստորաբաժանումներ կենտրոնացվել են Երեւանում եւ նրա մերձակայքում՝ մասնավորապես Չարբախի զորահավաքակայանում, Բալահովիտի զորամասում եւ բանակի սպորտային բազայում։

Փաստահավաք խմբի անդամների ձեռքի տակ եղած տեսաժապավենները, լուսանկարները եւ փաստերը վերջիններիս թույլ են տվել պնդել, որ մարտի 1-ի ժամը 14։09-ի դրությամբ բանակային ստրաբաժանումները կենտրոնացվել են Հանրապետության հրապարակում եւ Տիգրան Մեծ փողոցի վրա գտնվող շուկայի դիմաց։ Փաստերը վկայում են նաեւ, որ 16։27-ի սահմաններում զինվորականները զինվում են ինքնաձիգներով, իսկ 18։14-ին արդեն Հանրապետության հրապարակ զինված ուժերի նոր ստորաբաժանումներ են բերվում։

Վկայակոչելով Սահմանադրությունն ու պաշտպանության մասին օրենք, որոնք արգելում են բանակի մասնակցությունը ներքաղաքական իրադարձություններին՝ փաստահավաք խմբի անդամների համոզմունք են հայտնել, որ ՀՀ պաշտպանության նախկին նախարար Միքայել Հարությունյանի հրամանը՝ մարտի 1-ին մարտունակ վիճակի բերել բանակը, կարող է բխած լինել Ռոբերտ Քոչարյանի ուղիղ ցուցումից։ Նրանց կարծիքով, ՀՀ նախկին նախագահը չէր կարող անտեղյակ լինել բանակի՝ մարտի 1-ի դեպքերին ներգրաված լինելու փաստի մասին։

Զեկույցի հեղինակները նաեւ նշել են, որ իրենք բազմաթիվ նյութեր են փոխանցել Ազգային ժողովի՝ մարտի 1-ի դեպքերի ուսումնասիրությամբ զբաղվող նախկին ժամանակավոր հանձնաժողովին, որոնք սակայն, վերջինիս կողմից չեն օգտագործվել։

Նշենք, որ մարտի 1-ի իրադարձություններն ուսումնասիրող փաստահավաք խումբը լուծարվել էր ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի՝ 2009 թվականի հունիսի 6-ի հրամանագրով։