Շոտլանդիայի Օրկնի կղզիներում գտնվող բազմախորան գերեզմանում հնագետների խումբը հայտնաբերել է երկու խորհրդավոր փայլեցված գնդեր, որոնք, ենթադրաբար, ավելի քան չորս հազար տարեկան են, հայտնում է «ՌԻԱ Նովոստին»՝ վկայակոչելով Daily Mail-ին:
Լանկաշիրի համալսարանի եւ Շոտլանդիայի ազգային թանգարանի գիտնականները հազվագյուտ արտեֆակտները Տրեսնես կղզում են գտել: Այս տարածքում պեղումները կատարվում են 2017 թվականից, եւ մասնագետները շատ են շտապում, քանի որ գերեզմանը փլվում է:
«Սա շատ հետաքրքիր գտածո է»,- եզրափակել է հնագետների թիմը:
Երկու գնդակների տրամագիծը մոտ հինգ սանտիմետր է` դրանք կրիկետի գնդակի չափ են: Մասնագետները նշել են, որ դրանցից մեկը կատարյալ գնդի ձեւ եւ գեղեցիկ նախշ ունի:
Թե ինչի համար են նախատեսված եղել նախշերը, դեռ պարզ չէ: Մասնագետները առաջ են քաշել տեսություններ, որ դրանք կարող էին օգտագործվել որպես զենք, ծեսերի կամ գուշակության, ինչպես նաեւ կաշվի մշակման եւ նույնիսկ շինարարական սալիկների տեղափոխման համար անհրաժեշտ առարկաներ:
Ընդհանուր առմամբ, Օրկնի կղզիներում հայտնաբերվել են նեոլիթի դարաշրջանի մոտ 20 նման գնդեր, որոնցից յուրաքանչյուրը գիտնականները համարում են «զարմանալի գտածո»:
Բացի գնդիկներից, պեղումների ժամանակ գիտնականները հանդիպել են մարդկանց եւ կենդանիների մնացորդների, կերամիկայի եւ տարբեր քարե արտեֆակտների, որոնց թվում կան դանակներ, մուրճեր, կաթսաների կափարիչներ եւ նետերի գլուխներ:
Այս տարի հնագետները նախատեսում են շարունակել ուսումնասիրել դամբարանի խորշերի պարունակությունը եւ փորձել պարզել, թե ինչ սկզբունքով են այն կառուցել:





























