Արժույթի միջազգային հիմնադրամի (ԱՄՀ) Հայաստանի առաքելության ղեկավար Մարկ Լյուիսն իր այսօրվա ասուլիսում Հայաստանի համար չափազանց կարեւոր է համարել հարկային վարչարարության բարելավումը, քանի որ ըստ նրա, հարկերի հավաքագրման մակարդակը ՀՆԱ համեմատությամբ չի համապատասխանում միջազգային չափանիշներին:
Բացի այդ, ըստ Լյուիսի, «որոշ ընկալումներ կան, որ պետական եկամուտների կոմիտեի պաշտոնյաները սխալ են գործում, որովհետեւ ոչ պատշաճորեն են վերաբերում որոշ հարկ վճարողների», ինչը ազդում է պետության ֆինանսական կարողության վրա եւ պետությունը չի կարողանում կատարել իր սոցիալական պարտավորություններն ու կրճատել բյուջեի դեֆիցիտը: ԱՄՀ հայաստանյան ռաքելության ղեկավարն նշել է նաեւ, որ հարկային մարմինների այդպիսի աշխատանքը խոչընդոտում է գործարար միջավայրի զարգացմանը:
Նա կարծիք է հայտնել, որ եթե ՀՀ իշխանությունը մտադիր է ապահովել տնտեսական աճ, ապա պետք է անպայման լուծի այդ խնդիրները: Այս առումով, նա կարեւոր է համարել հարկային վարչարարության բարեփոխումների իրականացումը:



























