Աֆղանստանի նախկին փոխնախագահ Ամրուլլահ Սալեհը պետության ժամանակավորապես կատարում է պետության ղեկավարի պաշտոնը եւ շարունակում է մնալ Փանջշեր նահանգում: Այս մասին չորեքշաբթի մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է Դուշանբեում Աֆղանստանի դեսպան Մոհամմադ Զահիր Աքբարը:

«Ամրուլլահ Սալեհն Աֆղանստանի ժամանակավոր նախագահն է եւ գտնվում է Փանջշերում»,- ասել է նա: Դիվանագետի խոսքով, սահմանադրության համաձայն, այն բանից հետո, երբ նախագահը ինչ -ինչ պատճառներով լքում է իր պաշտոնը, իշխանությունը անցնում է նրա տեղակալին:

Դեսպանը նաեւ հավելել է, որ ներկայացնում է իր երկրի ղեկավարությունը՝ Սալեհի գլխավորությամբ: «Ես ներկայացնում եմ Աֆղանստանը Տաջիկստանում եւ Ամրուլլահ Սալեհին, ով երկրի գործող նախագահն է»,- ասել է նա: Դիվանագետը նաեւ ցույց է տվել իր հետեւի պատից կախված Սալեհի դիմանկարը եւ Աֆղանստանի Իսլամական Հանրապետության դրոշը:

«Թալիբան»-ը լայնածավալ օպերացիա էր սկսել Աֆղանստանի վրա վերահսկողություն հաստատելու համար այն բանից հետո, երբ ԱՄՆ-ն գարնանը հայտարարեց իր զինված ուժերն այնտեղից դուրս բերելու որոշման մասին: Օգոստոսի 15-ին նախագահ Աշրաֆ Գանին հրաժարական տվեց եւ լքեց երկիրը, իսկ թալիբները առանց կռվի մտան Քաբուլ: Արմատականների ուժին չհամաձայնող ուժերը դիմադրություն կազմակերպեցին Փանջշերում՝ Ահմադ Մասուդի գլխավորությամբ: Սալեհը կոչ է արել աջակցել իրեն՝ իրեն պետության ղեկավարի ժամանակավոր պաշտոնակատար հռչակելով:

Երկուշաբթի թալիբների ներկայացուցիչ Զաբիուլլահ Մուջահիդը տեղեկացրել էր, որ Փանջշերն ամբողջությամբ անցել է թալիբների վերահսկողության տակ, ուստի պատերազմն Աֆղանստանում ավարտված է: