Թուրքիան դրական զարգացումներ չի տեսնում Քաբուլի միջազգային օդանավակայանը շահագործելու իր առաջարկի մեջ: Այս մասին հայտարարել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը:

«Ի սկզբանե մենք դրական մոտեցում ունեինք: Այս պահին մենք դրական տեղաշարժեր չենք տեսնում»,- ասել է Էրդողանը, փոխանցում է Diken-ը:

Թուրքիան «Թալիբան»-ին առաջարկել է կառավարել օդանավակայանը՝ պայմանով, որ այն նաեւ կապահովի անվտանգությունը: Թալիբները հայտարարել է, որ ինքն է որոշելու օդանավակայանի անվտանգության բոլոր հարցերը:

Էրդողանը նշել է, որ թեեւ թալիբները հայտարարել են ժամանակավոր կաբինետ ստեղծելու մասին, սակայն պարզ չէ, թե որքան կտեւի դա: Նրա խոսքով՝ Թուրքիան ուշադիր հետեւելու է երկրում ընթացող քաղաքական գործընթացներին:

Ավելի վաղ հաղորդվել էր, որ Քաթարն ու Թուրքիան աշխատում են Քաբուլի օդանավակայանում ուղեւորափոխադրումների վերականգնման ուղղությամբ, սակայն թալիբների հետ համաձայնության չեն եկել հարցի շուրջ, թե ինչպես այն կառավարել: