Գերմանիայի ԱԳ նախարար Հայկո Մաասը թերահավատորեն է արձագանքել Աֆղանստանի ժամանակավոր կառավարության կազմի վերաբերյալ թալիբների հայտարարությանը, հայտնում է AP-ն:

Նախօրեին թալիբները հայտարարել էին միայն տղամարդկանցից կազմված ժամանակավոր կառավարության ստեղծման մասին, որում ընդգրկված են 1990-ականների իրենց կոշտ կառավարման եւ ԱՄՆ-ի գլխավորած կոալիցիայի դեմ 20-ամյա պայքարի ներկայացուցիչներ:

Հայկո Մաասը ասել է, որ Գերմանիան պատրաստ է մարդասիրական օգնություն տրամադրել ՄԱԿ-ի միջոցով եւ կշարունակի բանակցությունները թալիբների հետ՝ Աֆղանստանից նախկին աշխատակիցների եւ մյուսների մեկնումն ապահովելու համար: Նա հավելել է, որ ցանկացած լրացուցիչ պարտավորություն կախված կլինի թալիբների պահվածքից: «Առանց այլ խմբերի մասնակցության ժամանակավոր կառավարության հայտարարությունը եւ Քաբուլում կին ցուցարարների ու լրագրողների նկատմամբ երեկ տեղի ունեցած բռնությունները այնպիսի ազդակներ չեն, որ մեզ լավատեսություն ներշնչեն»,- նշել է նա: