Աֆղանստանի նախկին նախագահ Աշրաֆ Ղանին ներողություն է խնդրել աֆղանստանցիներից Քաբուլից փախուստի համար այն օրը, երբ թալիբները մտել են մայրաքաղաք՝ անվանելով դա իր կյանքի «ամենադժվար որոշումը»:

Ղանին մեղադրվում է նաեւ Քաբուլից փախչելիս պետական ​​գումարներից միլիոնավոր դոլարներ գողանալու մեջ, ինչը նա կտրականապես հերքում է:

Ղանին չորեքշաբթի հայտարարել է, որ ինքն ու օգնականները անկախ հետաքննություն կամ աուդիտ են անցկացնելու՝ իր անմեղությունն ապացուցելու համար:

«Ես պետք է բացատրեմ աֆղան ժողովրդին, թե ինչու օգոստոսի 15-ին հանկարծակի լքեցի Քաբուլն այն բանից հետո, երբ թալիբները անսպասելիորեն մտան քաղաք: Ես հեռացա պալատի անվտանգության ծառայության պնդմամբ», - ասել է Ղանին:

«Քաբուլից հեռանալը իմ կյանքի ամենադժվար որոշումն էր, սակայն կարծում էի, որ դա զենքը լռեցնելու եւ Քաբուլն ու նրա 6 միլիոն բնակիչներին փրկելու միակ միջոցն է», - ավելացրել է նա: «Այժմ իմ հեռանալուն նախորդող իրադարձություններին երկար գնահատականներ տալու ժամանակը չէ. ես դրանց ավելի մանրամասն կանդրադառնամ մոտ ապագայում: Սակայն այժմ պետք է պատասխանեմ անհիմն պնդումներին այն մասին, որ Քաբուլից հեռանալիս ինձ հետ եմ վերցրել աֆղան ժողովրդին պատկանող միլիոնավոր դոլարներ: Այս մեղադրանքները լիովին սուտ են»:

«Կոռուպցիան ժանտախտ է, որը տասնամյակներ շարունակ վնասել է մեր երկիրը, եւ կոռուպցիայի դեմ պայքարը եղել է իմ ՝ որպես նախագահի, ջանքերի հիմնական ուղղությունը: Ներողություն եմ խնդրում աֆղան ժողովրդից: Ժողովրդի հանդեպ իմ նվիրվածությունը երբեք չի տատանվել եւ առաջնորդելու է ինձ մնացյալ ողջ կյանքում»: