«Ցանկացած լեգիտիմություն, ցանկացած աջակցություն պետք է վաստակել», - ասել է ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը այն բանից հետո, երբ թալիբները նշել են ժամանակավոր կառավարության կազմը:

Բլինքենը կրկնել է, որ կառավարությանն ու թալիբներին դատելու են իրենց գործողություններով: Նա «Թալիբան»-ին կոչ է արել թույլատրել Աֆղանստանից չարտերային թռիչքները ռիսկային խմբում գտնվող ամերիկացիների եւ աֆղանստանցիների համար:

Մարդկանց Աֆղանստանից տարհանող ինքնաթիռները արգելափակվել են Մազարի Շարիֆի միջազգային օդանավակայանում, իսկ կազմակերպիչները հայտարարել են, որ պետքարտուղարությունը բավարար միջոցներ չի ձեռնարկում նրանց թռիչքը հեշտացնելու համար:

Բլինքենը վստահեցրել է, որ ԱՄՆ-ն անում է ամեն բան, որպեսզի թռիչքները կայանան, սակայն թալիբները խոչընդոտում են: «Մենք հասկացրել ենք բոլոր կողմերին, մենք հստակեցրել ենք թալիբներին, որ չարտերային թռիչքների համար թռչելու հնարավորություն պետք է ապահովվի», - ասել է Բլինքենը Գերմանիայում կայացած մամուլի ասուլիսում: