Խորհրդարանական ընտրությունները Լեռնային Ղարաբաղում քաղաքական պատասխանատու իրադարձություն են, հայտարարել է ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանը երկրի խորհրդարանի մայիսի 23-ին կայանալիք ընտրություններին նվիրված խորհրդակցության ժամանակ:

Նրա խոսքով, պետք է անել ամեն ինչ, որպեսզի ընտրությունների ընթացքում քաղաքացիների համար չծագի որեւէ խնդիր` լինի դա իրավական, քաղաքական, տեխնիկական կամ այլ բնույթի, իսկ դրանց առաջացման դեպքում` անհրաժեշտ միջոցներ ձեռնարկել խնդիրները անհապաղ կարգավորելու ուղղությամբ:

Բակո Սահակյանն ընդգծել է, որ անկախության եւ ինքնիշխանության հետ միասին ժողովրդավարությունը հանդիսանում է բացառիկ արժեք Արցախի համար, ինչը այլընտրանք չունի:

Խորհրդակցությանը մասնակցել են Արցախի Հանրապետության փոխվարչապետ, ֆինանսների նախարար Սպարտակ Թեւոսյանը, պետական եւ տեղական ինքնակառավարման մարմինների ղեկավարներ: