Լեռնային Ղարաբաղի Ազգային ժողովի նախագահ Աշոտ Ղուլյանը մայիսի 19-ին ընդունել է Հարավային Կովկասում ԵԱՀԿ նախկին հատուկ ներկայացուցիչ, այժմ Դեմոկրատիայի եւ հատուկ հանձնարարություններով համագործակցության ինստիտուտի ներկայացուցիչ Մորիս Բոնոյին, ով մայիսի 23-ին ԼՂՀ-ում անցկացվելիք խորհրդարանական ընտրություններին միջազգային դիտորդական առաքելությամբ մասնակցելու համար նախօրեին ժամանել է Ղարաբաղ։

Ինչպես հայտնել են ԼՂՀ Ազգային ժողովի մամուլի ծառայությունից, Բոնոն հայտարարել է, որ դիտորդական առաքելությանը զուգահեռ՝ ինքը, որպես կոնֆլիկտաբան, մտադիր է նաեւ ղարաբաղյան հակամարտության ուսումնասիրությամբ զբաղվել։ «Մեր ինստիտուտում իմ հիմնական պարտականությունը հետխորհրդային տարածքում գոյություն ունեցող սառեցված հակամարտություններն ուսումնասիրելն է։ Հենց այդ նպատակով եմ այցելել Աբխազիա, Վրաստան, մտադիր եմ լինել նաեւ Հարավային Օսիայում»,-ասել է նա։

Լեռնային Ղարաբաղի Ազգային ժողովի նախագահ Աշոտ Ղուլյանն իր հերթին նշել է, որ Լեռնային Ղարաբաղում շահագրգիռ են, որպեսզի եվրոպական եւ միջազգային հեղինակավոր կառույցների ներկայացուցիչները դիտորդական առաքելությամբ մասնակցեն երկրում կայացող ընտրություններին եւ վկա լինեն ժողովրդավարական սկզբունքների ձեւավորմանը։ «Մեզ, իհարկե, հայտնի է Լեռնային Ղարաբաղում ընտրական գործընթացներ անցկացնելու վերաբերյալ մեր հակառակորդների բացասական վերաբերմունքը։ Ցավոք, միջազգային մի շարք կառույցներ երբեմն սատարում են Ադրբեջանի դիրքորոշմանը»,- ասել է Ղուլյանը։