Արժույթի միջազգային հիմնադրամի (ԱՄՀ) նոր կանխատեսումներով Հայաստանի տնտեսությունը տարվա վերջում կարձանագրի ՀՆԱ-ի 4 տոկոս աճ: Այս մասին այսօր` մայիսի 19-ին, լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշել է ԱՄՀ Հայաստանի առաքելության ղեկավար Մարկ Լյուիսը: Հիշեցնենք, որ մինչ այդ ԱՄՀ-ն կանխատեսում էր 1,2-2 տոկոս աճ: Փոխարենը գնաճի կանխատեսումները նրանք չեն փոխել. Այն տարվա կտրվածքով կլինի 6 տոկոս: Լյուիսի խոսքով, պետական բյուջեի դեֆիցիտն էլ կնվազի ավելի, քան կանխատեսել էին նախկինում:

Այնուհետեւ անդրադառնալով ՀՀ արտաքին պարտքին, նա այդ պարտքի ծավալը մտահոգիչ է համարել, սակայն հավելել է, որ այդ պարտքը կայուն է եւ կառավարությունը լիովին ունակ է վճարել դա: ԱՄՀ ներկայացուցիչը կարեւոր է համարել, որ հետագայում ՀՀ կառավարությունը թույլ չտա արտաքին պարտքի շատ արագ աճ:

Նա խոսել է նաեւ ՀՀ տնտեսության օլիգոպոլ կառուցվածքին՝ նշելով, որ իսկապես Հայաստանի տնտեսությունը բնորոշվում է որպես օլիգոպոլ, ինչը խանգարում է տնտեսական զարգացմանը, նպաստում է ծախսերի ավելացմանը եւ թույլ չի տալիս, որ գները նվազեն: Մարկ Լյուիսն այդ կապակցությամբ ասել է, որ դեռ վաղ է խոսել այն մասին, թե արդյո՞ք օլիգոպոլիայի դերը տնտեսության մեջ նվազել է: