Հայաստանի կառավարությունը խոստովանում է, որ տարեսկզբին մեկնարկած «Բնակարան երիտասարդ ընտանիքներին» ծրագիրն առայժմ դժվար է առաջ ընթանում եւ այնքան էլ արդյունավետ չէ։
Ծրագրի համակարգողներից Սպորտի եւ երիտասարդության հարցերի փոխնախարար Արսեն Քարամյանն, օրինակ, ասում է, որ մատչելի հիպոթեկային վարկավորում առաջարկելով՝ իրենք երիտասարդներին մղում են անշարժ գույքի երկրորդային շուկա, ուր գները գրեթե չեն տարբերվում շուկայականից։ Նրա խոսքով, ծրագրի մեկնարկման սկզբից կառավարությունը հայտարարել էր, որ այն պետք է ընկալել որպես պիլոտային, սակայն կառավարությունը միաժամանակ պատրաստակամություն էր հայտնել ժամանակի հետ ծրագրում շտկումներ մտցնել՝ այն դարձնելով շահառուների համար առավել մատչելի եւ հասանելի։
Ըստ Քարամյանի՝ առաջարկվող պայմաններն այնքան էլ հարմար չեն երիտասարդ ընտանիքների համար, ինչը եւ պատճառ է հանդիսացել, որպեսզի կառավարությունը վերախմբագրի դրանք եւ մոտ մեկ ամսվա ընթացքում ներկայացնի ծրագրի հնարավոր շահառուներին։
Երիտասարդության եւ սպորտի փոխնախարարի խոսքով, այդ վերախմբագրումները, մասնավորապես, ենթադրում են, որ ամուսինների գումարային տարիքը նախկին վաթսունի փոխարեն հասցվելու է վաթսունհինգի, վարկի ժամկետը տասից դարձվելու է տասնհինգ տարի, իսկ կանխավճարի չափը երեսուն տոկոսից իջեցվելու է քսանհինգի։ Արսեն Քարամյանը փաստել է, որ արդեն իսկ ծրագրի շահառուներ են քսան երիտասարդ ընտանիքներ, շուրջ վաթսուն գործեր գտնվում են բանկերում՝ քննարկման փուլում։
Հիշեցնենք, որ «Բնակարան երիտասարդ ընտանիքներին» ծրագիրը մեկնարկել է 2010 հունվարից։ Այս ծրագրով ձեռք բերված բնակարանների արժեքը չպետք է գերազանցի 16 մլն դրամը, իսկ տարեկան տոկոսադրուքը կազմում է 8 — 8,5 տոկոս։



























