Միջազգային հանրությունը Լեռնային Ղարաբաղի կայացած Հանրապետության նկատմամբ այդ տարածքում ապրող մարդկանց իրավունքների հարգման տեսանկյունից պատշաճ եւ արդարացի վերաբերմունք մինչ օրս չի ցուցաբերել՝ ասված է այսօր ԱԺ «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր, ԵԽԽՎ-ում հայաստանյան պատվիրակության անդամ Զարուհի Փոստանջյանի կողմից ԵԽԽՎ անդամներին եւ ԵԽԽՎ նախագահ Մեւլութ Չավուշօղլուին ուղարկված նամակում: Դրանում Զ. Փոստանջյանը հիշեցնում է, որ ԵԽԽՎ-ն, ստանալով ԼՂՀ Ազգային ժողովի նախագահ պարոն Աշոտ Ղուլյանի հրավերը`մասնակցել 2010 թվականի մայիսի 23-ին տեղի ունեցող ԼՂՀ ԱԺ ընտրությունների անցկացման դիտարկմանը, որոշում է կայացրել մերժել այն: Մյուս կողմից էլ ԵԽԽՎ-ն ցանկանում է կյանքի կոչել ԵԽԽՎ թիվ 1416 բանաձեւը, որով նախատեսվում է ստեղծել ԼՂ հարցերով ենթահանձնաժողով: «Ակնհայտ է, որ Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովը, չցանկանալով դիտարկել Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Ազգային ժողովի ընտրությունների անցկացումը, սակայն ձգտելով կյանքի կոչել ԵԽԽՎ թիվ 1416 բանաձեւը, իրականում զբաղված է ոչ թե տարածաշրջանում մարդու իրավունքների հարգման եւ պաշտպանության քաջալերմամբ ու աջակցմամբ, այլ իրականացնում է իրեն վերապահված մանդատի իմիտացիա: ԼՂՀ բնակչության համար անընդունելի է ԵԽԽՎ-ի նման վարքագիծը: Նաեւ անընդունելի է, որ Հայաստանը եւ Ադրբեջանը, որոնք չեն դասվում ժողովրդավար պետությունների շարքին, համաձայն ԵԽԽՎ-ի կողմից ընդունված բանաձեւերի` առանց ԼՂՀ ընտրված իշխանությունների մասնակցեն ԼՂ հարցերով ենթահանձնաժողովի գործունեությանը: Անընդունելի է նաեւ, որ մեկ այլ` ոչ ժողովրդավար պետության ներկայացուցիչը, որը ղեկավարում է ԵԽԽՎ-ն, ցանկանում է գլխավորել այդ ենթահանձնաժողովը»:

«Ժողովուրդների ինքնորոշման հիմնարար սկզբունքով անկախացած եւ ժողովրդավարական զարգացման մոդելն ընտրած Լեռնային Ղարաբաղի (Արցախի) Հանրապետության միջազգային ճանաչումը հասունացած է եւ այլընտրանք չունի»,- նամակը եզրափակում է «Ժառանգություն» խմբակցության պատգամավորը: