Իռլանդական Բելֆաստ քաղաքում կատուն սեփական դիակիզումից մի քանի ժամ անց տուն է վերադարձել, հայտնում է Daily Mail-ը:
14-ամյա կատվի տերերը՝ 37-ամյա Ֆրեդին եւ 40-ամյա Շինեյդը անհանգստացել են, երբ իրենց Սիմբան որոշ ժամանակ տուն չի վերադարձել: Շուտով նրանք իրենց տան դիմացի ճանապարհին սատկած սեւ կատու են գտել՝ կրծքին նույն սպիտակ բծով, ինչպես Սիմբայինն էր:
Ամուսինները որոշել են, որ իրենց կատուն մահացած է, եւ մարմինը դիակիզման համար տարել են անասնաբույժի մոտ: Նրանք կատարել են սգո արարողություն, որը 60 ֆունտ սթեռլինգ է արժեցել, եւ մահացած կենդանու համար 25 ֆունտ սթեռլինգով գերեզմանաքար են գնել:
«Նա ամբողջ կյանքը մեզ հետ էր ապրում, եւ մենք որոշեցինք, որ նա արժանի է արժանապատիվ թաղման, քանի որ մեր ընտանիքի կարեւոր մասն է եղել: Մենք նրան մեր ավագ որդի Քոնելի ծննդյան երրորդ օրն էինք վերցրել, այնպես որ տղան նույնիսկ իրեն չի հիշում առանց կատվի»,- ասել է Շինեյդը:
Մինչ ընտանիքը փորձում էր հաղթահարել կորստի ցավը, իսկական Սիմբան վերադարձել է տուն:
«Մեզ մեր կրտսեր որդուն ասել էինք, որ բոլոր սատկած շներն ու կատուները մահանալիս ընկնում են ծիածանի վրա, իսկ Սիմբայի վերադարձը լիովին ոչնչացրեց նրա պատրանքը: Այժմ նա կարծում է, որ բոլոր մահացած ընտանի կենդանիները վերադառնում են»,- նշել է կինը:
Ընտանիքը որոշել է սոցիալական ցանցերի միջոցով փնտրել դիակիզված կատվի տերերին:
Ամբողջ քաղաքն իմացել է կատվի թաղման հետ կապված խառնաշփոթի մասին, եւ Շինեյդը սկսել է հաղորդագրություններ ստանալ նույնիսկ Ամերիկայից: «Ես գրեցի կատարվածի մասին սոցիալական ցանցերում, եւ երբ հաջորդ օրը Ֆրեդին գնաց աշխատանքի, մարդիկ նրա հետեւից «մյաու» էին կանչում, իսկ իմ հեռախոսը չէր լռում»,- ասել է նա:





























