Շվեդ զույգին թույլ չեն տվել իրենց որդուն Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի անունով անվանել, հաղորդում է Lenta.ru-ն՝ հղում անելով տեղական ռադիոկայանին:

Երեխայի ծնողները, ըստ Շվեդիայի օրենսդրության, անուն ընտրելով՝ դիմել են Շվեդիայի հարկային գործակալությանը: Սակայն մարմինը հրաժարվել է գրանցել այդ անունը:

Երկրի օրենքների համաձայն, գործակալության աշխատակիցները կարող են մերժել ծնողներին երեխայի համար այս կամ այն անունն ընտրել, եթե կարծում են, որ դա անհարմարություն կստեղծի նրա համար: Այս դեպքում գործակալության ներկայացուցիչները հրաժարվել են հիմնավորել, թե ինչու տղային չեն գրանցում ՌԴ նախագահի անունով եւ ազգանունով:

Նշվում է, որ նախկինում գործակալությունը մերժել է այն ընտանիքներին, որոնք ցանկացել են իրենց երեխաներին տալ Ալլահ, Ք, Թոքեն, Մայքլ Ջեքսոն, Ֆորդ եւ Պիլզներ անունները: Միեւնույն ժամանակ, հայտնի է մի դեպք, երբ ծնողներին, ովքեր որոշել են իրենց որդուն անվանել Google, հաջողվել է հավանություն ստանալ: