ԱՄՆ Կոնգրեսում սկսվում են ռազմավարական հարձակողական սպառազինությունների նոր պայմանագրի լսումները, որ ապրիլի 8-ին ստորագրվել է Դմիտրի Մեդվեդեւի եւ Բարաք Օբամայի կողմից՝ Պրաhայում:

«Ռուսաստանի ձայնը» հաղորդում է, որ Սպիտակ տան ղեկավարի կողմնակիցները խոստանում են ջանքեր գործադրել Կոնգրեսում համաձայնագրի վավերացման համար, սակայն մտավախություն ունեն, որ ոչ բոլոր ընթացակարգերը կապահովվեն մինչեւ տարեվերջ: Իրենց հերթին՝ հանրապետական կուսակցության ներկայացուցիչները, որոնք ընդդիմանում են Բարաք Օբամային, արդեն հայտարարել են, որ վավերացման ընթացակարգը հեշտ չի լինելու:

Պենտագոնի ղեկավար Ռոբերտ Գեյթսի խոսքով, Ռուսաստանի դիմակայությունը հակահրթիռային պաշտպանության նոր համակարգին կապված է նրա հետ, որ Վաշինգտոնը կարող է իրեն թույլ տալ նման կատարյալ համակարգի ստեղծում, իսկ Մոսկվան դրա համար հնարավորությունները չունի:

Վավերացման համար ԱՄՆ Կոնգրեսի վերին պալատում պահանջվում է ձայների երկու երրորդը: Այսինքն, 100 սենատորներից 67-ի ձայները: Ռուսաստանում համաձայնագիրը պետք է ստանա երկու պալատների հավանությունը:

Փաստաթուղթը նախատեսում է հարձակողական սպառազինությունների լայնածավալ կրճատումներ: