Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանին այսօր՝ մայիսի 20-ին իր հավատարմագրերն է հանձնել Հայաստանում Արգենտինյան Հանրապետության նորանշանակ դեսպան Միգել Անխել Կունեոն:
Նախագահի մամուլի գրասենյակից NEWS.am-ին հայտնում են, որ նախագահն ասել է, թե Հայաստանը կարեւորում է Արգենտինայի հետ հարաբերությունները եւ հետաքրքրված է դրանց հետագա զարգացմամբ: Նշելով, որ Հայաստանը Հարավային Ամերիկայում առաջին դեսպանությունը հիմնել է Արգենտինայում` Սերժ Սարգսյանը գոհունակությամբ ընդգծել է, որ երկկողմ հարաբերությունները զարգանում են վստահության մթնոլորտում:
Դեսպան Միգել Անխել Կունեոն ասել է, որ իր երկիրը մեծ նշանակություն է տալիս Հայաստանի հետ համակողմանի հարաբերությունների խորացմանը, ինչի վկայությունն է տարածաշրջանում առաջին դեսպանության հիմնումը Երեւանում, որի պաշտոնական բացումը տեղի կունենա մայիսի 21-ին` Արգենտինայի արտգործնախարար Խորխե Տայանայի մասնակցությամբ: Դեսպանը նաեւ տեղեկացրել է, որ եղել է հայ-արգենտինյան հարաբերությունների ակունքներում եւ 1992թվականին իր մասնակցությունն է ունեցել Արգենտինայի ու Հայաստանի միջեւ դիվանագիտական հարաբերությունների հաստատման մասին արձանագրության մշակմանը, որի իրականացնողն է այսօր:
Նախագահ Սարգսյանն ու դեսպան Կունեոն հայ-արգենտինյան համագործակցության ընդլայնման առաջնային խնդիր են համարել տնտեսական ակտիվության խթանումը: Կողմերը նշել են, որ երկկողմ իրավապայմանագրային դաշտը բավականին ընդգրկուն է, ինչը տնտեսական համագործակցությունն առաջ մղելու լավ հիմք է:
Զրուցակիցներն ընդգծել են արգենտինահայ համայնքի ներդրումը երկկողմ հարաբերությունների զարգացման գործում` ասելով, որ համայնքը յուրօրինակ կամրջի դեր է կատարում Հայաստանի եւ Արգենտինայի միջեւ:
Անդրադառնալով բազմակողմ ձեւաչափերում համագործակցությանը` նախագահ Սարգսյանը բարձր է գնահատել Արգենտինայի հավասարակշիռ մոտեցումը Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի կարգավորման հարցում:



























