Աշխարհում տնտեսական ճգնաժամի կրկնության վտանգ կա, քանի որ ճգնաժամի պատճառները վերացված չեն, եւ դրա մասին վկայում է Հունաստանում տեղի ունեցած պայթյունը: Այս մասին այսօր կայացած ասուլիսում ասաց նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանը: Նրա խոսքով ամենահիմնական պատճառը դա խոշոր կորպորացիաների կենսաթոշակային խոստումներն են, քանի որ եթե ասենք Հայաստանում կենսաթոշակը միջին աշխատավարձի 25 տոկոսն է կազմում, ապա օրիանկ Հունաստանում այն 90 տոկոս է կազմում, բացի դրանից թոշակառուների կյանքի տեւողությունը տաս տարով ավելացել է:
Հ. Բագրատյանի կանխատեսմամբ, եթե նման բացասական զարգացումներ լինեն, Հայաստանում դրա ազդեցությունը կզգացվի սեպտեմբեր-հոկտեմբերին: «Ի՞նչ պիտի աներ կառավարությունը, եթե խելոք լիներ. Չպիտի թույլ տար, որպեսզի եվրոն հիմա արժեզրկվեր: Պետք է գներ եվրո, եւ երբ սկսի դրամն արժեզրկվել, պետք է վաճառել եվրո»,- ասաց նա:
Այնուհետեւ անդրադառնալով տնտեսական աճին, նախկին վարչապետն ասաց. «Պաշտոնական տվյալներով 2009-ին անկումը եղել է 14,4 տոկոս, իրականում այդ անկումը 22 տոկոս է եղել: Սա 208 պետությունների մեջ երրորդ ամենավատ ցուցանիշն է: Առաջինը Լատվիան է, երկրորդը Ուկրաինան: Իսկ Համաշխարհային բանկի կայքում դրված է, որ 11,9 միլիարդ դոլարի ՀՆԱ-ն դարձել է 8,7 տոկոս, որը նշանակում է 33 տոկոս անկում»: Նա առաջարկեց կառավարությանը ոչինչ չանել, որովհետեւ դա ավելի օգուտ կլինի տնտեսությանը, քան երբ կառավարությունը սխալ քայլեր է անում: «Եթե ոչինչ չանեին, կստանային 10-12 տոկոս աճ: Դժբախտաբար, որոշ բաներ անելու են եւ իհարկե սխալ, որովհետեւ իրենց նպատակը իրենց բիզնեսը պաշտպանելն է: Արդյունքում կարող է լինի 3-3,5 տոկոս աճ, բայց իրենք կներկայացնեն 5-8 տոկոսի շրջանակներում»,- ընդգծեց նա:
Ինչ վերաբերում է գնաճին, ապա ըստ Բագրատյանի, թեեւ 4 ամսվա տվյալներով հայտարարվեց 8 տոկոս գնաճ, իրականում իրենց հաշվարկներով, դա 10,5 տոկոս է: «Վիճվարչությունը իջեցրել է գազի թանկացման հետ կապված գնաճի ազդեցությունը, բարձրացրել են հեռախոսային խոսակցությունների գների անկման դրական ազդեցությունը: Դա հասարակ մանիպույլացիա է, որը նրանք անում են»,- ընդգծեց նա ու հավելեց. «ՀՆԱ աճ են ցույց տալիս 7 տոկոս, այդ դեպքում ինչու է անվանական աշխատավարձը նվազել: Ինչո՞ւ է գործազրկությունն աճում: Թվերը չեն բռնում, բալանսները չեն կարողանում ստանալ: Կարող էին ոչինչ էլ չանել, մեկ է, անցած տարվա նման վատ չի լինելու: 2-3 տոկոս աճ կստանան»:



























