ՀՀ նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանը հայտարարում է, որ Հայաստանում ոչ թե օլիգոպոլիաներ են, այլ մոնոպոլիաներ: Այս մասին նա ասել է այսօր կայացած ասուլիսում՝ ընդգծելով, որ օլիգոպոլիաների դեպքում գնային դիսկրիմինացիա չի լինում, իսկ մոնոպոլիայի դեպքում դա կա, ինչպես Հայաստանում: «Բենզինի ոլորտում երկու հոգի են որոշում ամեն ինչ, ավիացիոն փոխադրումները` մոնոպոլիա է, կապի ոլորտում երեքն են` այնտեղ նման է մի քիչ օլիգոպոլիայի: Բայց մեզ մոտ մենաշնորհներն են ավելի շատ»,- ասաց նա:
Դիտարկմանը թե ԱՄՀ հայաստանյան կառույցի ղեկավարը եւս ՀՀ տնտեսության մասին խոսելիս օգտագործում է օլիգոպոլիաներ տերմինը, նախկին վարչապետն արձագանքեց, որ իրենք այդ երիտասարդ մասնագետին եւս բացատրել են, որ Հայաստանում ավելի շատ մոնոպոլիաներ են: «Ջահելների պրոբլեմն ախր ինչ է` գալիս են, երկու տարի հետո իրենք չեն զբաղվում: Մենք տնտեսությամբ զբաղվում ենք քսան տարի: Երկու տարի հետո ինքը փոխում է իր երկիրը: Եվ իրենց մոտ ինքը պետք է ունենա „nice story“ (գեղեցիկ պատմություն): Այսինքն՝ ինչ գործ որ ինքը ղեկավարել է, պետք է հաջող լինի: Սրանով մեր Հայաստանը չպիտի ոգեւորվի: Ես Մարկ Լյուիսի դեմ բան չունեմ, գուցե հիանալի անձնավորություն է: Բայց լսել է օլիգոպո՜լիա, օլիգոպո՜լիա: Մենք հո լավ գիտենք, մեզ կարիք չկա բացատրելու»,-ասաց նա, հավելելով, որ Հայաստանում կա ոչ միայն մոնոպոլիա, այլ նաեւ «մոնոփսոնյա», երբ կա մեկ գնորդ:



























