Հայաստանի կառավարությունը մայիսի 20-ին կայացած նիստում բրենդիի ապրանքային անվանում է սահմանել «արբուն» բառը: Գործադիրի որոշմամբ՝ որոշումն ուժի մեջ մտնելու օրվան հաջորդող հինգ տարիների ընթացքում արտադրանքի մակնշվածքում թույլատրել «բրենդի» եւ «արբուն» ապրանքային անվանումների զուգահեռ գործածությունը։ Սույն որոշումն ընդունվում է մասնագիտացված բոլոր կազմակերպությունների, շահագրգիռ կողմերի քննարկման արդյունքում։

Նշենք, որ «արբուն» անունն առաջարկել է Հայաստանի գյուղատնտեսության նախարարությունը: NEWS.am-ը փորձել է պարզաբանում ստանալ Երեւանի կոնյակի գործարանից, մասնավորապես այս հարցի շուրջ՝ այն հանգամանքը, որ այսուհետ կոնյակ բառը փոխարինվելու է արբուն բառով՝ բացասաբար չի՞ ազդի Հայաստանի այցեքարտ համարվող հայկական կոնյակի սպառման վրա: Երեւանի կոնյակի գործարանի լրատվական բաժնից այս կապակցությամբ հայտնել են.

""Խաղողի հումքով ոգելից խմիչքների մասին" ՀՀ օրենքը սահմանում է համապատասխան կանոններ։ Երբ մենք կոնյակը արտահանում ենք ԱՊՀ երկրներ, արտահանում ենք «Հայկական կոնյակ» անվամբ։ Իսկ կան երկրներ, որտեղ չի թույլատրվում գործածել կոնյակ բառը եւ մեր արտադրանքն այդ երկրներ արտահանում ենք «Հայկական բրենդի» անվամբ։ Բացի այդ, «Հայկական կոնյակի» արտադրությունը շատ խիստ կանոնակարգված է օրենքով՝ ինչ սպիրտներ պետք է օգտագործվեն, ինչ խաղողից պետք է ստացվեն այս սպիրտները, որտեղ պետք է շշալցվեն եւ այլն։ «Բրենդիի» վերաբերյալ օրենքը սահմանում է, որ դրա արտադրության մեջ կարող են որոշակի համամասնությամբ օգտագործվել ներկրված սպիրտներ։ Այսինքն, «Բրենդին», որպես ոգելից խմիչք, նույն խմիչքը չէ, ինչ-որ արտադրվում է Երեւանի կոնյակի գործարանի կողմից, այլ մեկ ուրիշ խմիչք է, որն արտադրվում է ներկրված սպիրտներով"։ Ուստի, որպեսզի սպառողի մոտ շփոթություն չառաջանա «Բրենդիի» եւ «Հայկական բրենդիի» միջեւ, կառավարությունը սահմանել է առանձին անվանում՝ «արբուն»։ Հենց այդ անունով էլ պետք է կոչվեն ներկրված սպիրտով արտադրվող խմիչքները, տվյալ դեպքում՝ բրենդին։