Եվրոպական խորհրդարանում հակահայկական բովանդակությամբ բանաձեւի ընդունման մեղավորը Հայաստանի իշխանություններն են, նրանց պասիվ վարքը: Այդ մասին մայիսի 21-ին Ազգային ժողովում լրագրողների հետ հանդիպմանը հայտարարել է «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր, ԵՄ-Հայաստան միջխորհրդարանական պատվիրակության անդամ Լարիսա Ալավերդյանը՝ նշելով, որ ի տարբերություն Հայաստանի, Ադրբեջանն ու Թուրքիան տարիներ շարունակ բավական հետեւողական եւ ակտիվ են իրենց համար նպաստավոր դրույթներն առաջ մղելու համար:

«Այսպիսի անհեթեթ որոշումը ոչ միայն Ադրբեջանի կողմից խեղաթյուրումների արդյունք է, այլեւ, նախեւառաջ, Հայաստանի պասիվության արդյունք»,- նշեց Ալավերդյանը:

«Ժառանգություն» խմբակցության ղեկավար Ստեփան Սաֆարյանն իր հերթին նշեց, որ իրենք դիմելու են Եվրամիության կառույցներին, քանի որ նրանց բանաձեւն անթույլատրելի է։ «Լեռնային Ղարաբաղի ժողովրդի անվտանգությունը ստորադասում են իրենց նավթային շահերին», հայտարարեց նա:

Հիշեցնենք, որ նախօրեին Եվրոպական խորհրդարանն ընդունել է բուլղար պատգամավոր Եվգենի Կիրիլովի հեղինակած բանաձեւը՝ պահանջելով հայկական ուժերը դուրս բերել «ադրբեջանական օկուպացված տարածքներից»` թույլ տալով տեղահանվածներին վերադառնալ իրենց օջախները։ Եվրախորհրդարանը պնդում է, որ հայկական ուժերը պետք է արագորեն լքեն ԼՂ-ին հարող բոլոր «օկուպացված ադրբեջանական տարածքները»: