«Ղարաբաղյան խնդրի վերաբերյալ Եվրախորհրդարանի կողմից ընդունված բանաձեւը ես մեր երկրի եւ մեր հասարակության լուրջ պարտություն ենք համարում», NEWS.аm-ի թղթակցի հետ զրույցում հայտարարել է Հայ ազգային կոնգրեսի ներկայացուցիչ, Լիբերալ կուսակցության նախագահ Հովհաննես Հովհաննիսյանը: Խոսքը մայիսի 20-ին Եվրախորհրդարանի լիագումար նիստում ընդունված թիվ 2216 բանաձեւի մասին է, որտեղ նշվում է, որ հայկական ուժերը պետք է «արագորեն լքեն Լեռնային Ղարաբաղին հարող բոլոր օկուպացված ադրբեջանական տարածքները»` տեղահանվածներին թույլատլով վերադառնալ իրենց օջախները, ԼՂ-ին, մինչեւ վերջնական կարգավիճակի հստակեցումը, պետք է տրվի միջանկյալ կարգավիճակ։ Բանաձեւի մեղավորը Հ. Հովհաննիսյանը համարել է ՀՀ նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանին եւ ներկայիս նախագահ Սերժ Սարգսյանին, որոնց վարած արտաքին քաղաքականության հետեւանքով Հայաստանը կորցրել է վստահությունը միջազգային հանրության մոտ, ինչն էլ նման բանաձեւի առիթ է դարձել։

ԼՂ հակամարտության առաջին իսկ օրից, ըստ ՀԱԿ ներկայացուցչի, խնդրի վերաբերյալ Եվրոպական խորհրդարանը միշտ հավասարակշռված դիրքորոշում է ցուցաբերել, եւ մինչ այս երբեք նման կոշտ ձեւակերպումներով զեկույցներ չի հրապարակել։ Հ. Հովհաննիսյանը հիշեցրել է նաեւ մի քանի օր առաջ իսլամական երկրների արտգործնախարարների հավաքի ժամանակ արված հայտարարությունը, որում նույնպես Հայաստանից պահանջվում է զորքերը դուրս բերել «օկուպացված տարածքներից», իսկ Հայաստանը ներկայացվում է որպես «ագրեսոր»:

Հարցին, թե միջազգային ասպարեզում ի՞նչ իրադարձություններ կհաջորդեն 2216 բանաձեւի ընդունմանը՝ ընդդիմադիր գործիչը պատասխանել է. «Բոլոր միջազգային կառույցները գործում են փոխպայմանավորված։ Այս բանաձեւից էլ կարելի է ենթադրել, որ միջազգային հանրությունը որոշել է շատ արագ լուծել ԼՂ խնդիրը, ցավոք սրտի՝ ոչ ի նպաստ Հայաստանի»: Ընդդիմադիր գործիչը ընդգծել է նաեւ, որ ՀՀ իշխանությունները պետք է հասկանան, որ եթե շարունակեն իրենց այս քաղաքականությունը, վտանգի տակ են դնելու ոչ միայն ԼՂ խնդրի հայանպաստ լուծումը, հայ-թուրքական հարաբերությունները, այլ նաեւ Հայաստանի ապագան։ Եւ որպես իրավիճակից դուրս գալու ելքերից մեկը՝ ՀԱԿ ներկայացուցիչն առաջարկել է արտահերթ ընտրությունների անցկացումը։