«Եվրամիությունը չի ճանաչում այն սահմանադրական եւ իրավական շրջանակները, որոնց հիմքի վրա կիրակի Լեռնային Ղարաբաղում խորհրդարանական ընտրություններ են տեղի ունենալու»: Այդ մասին ասված է Եվրամիության արտաքին հարաբերությունների եւ անվտանգության քաղաքականության հարցերով Գերագույն հանձնակատար Քեթրին Էշթոնի տարածած հայտարարության մեջ:
ԵՄ հանձնակատարը նշել է, թե «այս իրադարձությունը չպետք է խոչընդոտի Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորմանը»։
Էշթոնը վերահաստատել է ԵՄ-ի աջակցությունը ԵԱՀԿ Մինսկի խմբին, եռանախագահների գործունեությանը եւ հակամարտության կարգավորմանն ուղղված նրանց ջանքերին։ «Նաեւ կոչ եմ անում կողմերին կրկնապատկել իրենց ջանքերը բանակցությունների ճանապարհով հակամարտությանը լուծում գտնելու ուղղությամբ։ Ուզում եմ հիշեցնել, որ ԵՄ–ն պատրաստ է շարունակել աջակցել այդ նպատակի իրականացմանը»,- նշել է Քեթրին Էշթոնը։
Ընտրություններին գրանցվել են 29 միջազգային եւ 31 տեղական լրագրողներ, 113 միջազգային եւ 22 տեղական դիտորդներ:
Ինչպես Ստեփանակերտից հաղորդում է NEWS.am-ի սեփական թղթակիցը, Հայաստանի խորհրդարանի պատվիրակությունը գլխավորում է պատգամավոր Էդուարդ Շարմազանովը: Կան դիտորդներ Ռուսաստանից, Ֆրանսիայից, Հարավային Օսիայից, եւ այլն:
Գրեթե բոլոր դիտորդները նշում են ընտրողների մասնակցության մեծ տոկոսը: Ընտրությունների արդյունքում լուրջ խախտումներ չեն արձանագրվել:




























