Գերմանիայում ավարտվել է հոկեյի աշխարհի առաջնությունը, որտեղ հաղթող է ճանաչվել Չեխիայի ընտրանին: Սա Չեխիայի հավաքականի 6-րդ հաղթանակն է` սկսած Չեխոսլովակիայի լուծարման պահից:

Հիշեցնենք, որ Ռուսաստանի հավաքականը Գերմանիայում կայացած աշխարհի առաջնության եզրափակիչում պարտվել է Չեխիային 1։2 հաշվով: Խաղի հաշիվը բացվել է հանդիպման 20-րդ վայրկյանին: Յարոմիր Յագրը ընդունել է Կոնստանտին Կորնեեւի փոխանցումը եւ տափօղակը հասցեագրել Յակուբ Կլեպիշին: Օմսկի «Ավանգարդի» հարձակվողին բավական հեշտորեն հաջողվել է գրավել Սիմոն Վարլամովի պաշտպանած դարպասի անկյունը:

Երկրորդ գոլը նույնպես տեղի է ունեցել ռուսների սխալի պատճառով: Ալեքսանդր Օվեչկինը եւ Սերգեյ Ֆյոդորովը բախվել են հակառակորդի գոտում, ինչի արդյունքում էլ տափօղակը հայտնվել է Կարել Ռախունեկի մոտ: Նա իր հերթին փոխանցել է Տոմաշ Ռոլինեկին, որն էլ կրկնապատկել է հաշիվը:

Խաղի ավարտին մոտ Վյաչեսլավ Բիկովի սաները քանակական առավելություն են ստացել, սակայն կարողացել են ընդամենը մեկ գոլ խփել: Ազդանշանից 36 վայրկյան առաջ Պավել Դացյուկը օգտվել է Իլյա Կովալչուկի փոխանցումից եւ մրցաշարի ընթացքում խփել իր 6-րդ տափօղակը: