Լեռնային Ղարաբաղի ԿԸՀ-ն հրապարակել է նախնական տվյալները ժամը 11-ի դրությամբ: ԿԸՀ նախագահ Սերգեյ Նասիբյանի խոսքով, ընտրությւոններին համամասնական ընտրակարգով մասնակցել է 67462 մարդ (70 տոկոս)՝ ներառյալ զինծառայողներին, ստացիոնար բուժման տակ գտնվող քաղաքացիներին, նաեւ լրացուցիչ ցուցակներով քվեարկող ընտրողներին, որոնք վերականգնել են քվեարկելու իրավունքը: «Առաջին տեղում, նախնական տվյալներով, „Ազատ Հայրենիքն է“ 45-47 տոկոսով: 15-17 տոկոս տարբերությամբ երկրորդ տեղում է Արցախի ժողովրդավարական կուսակցությունը, եւս 8 տոկոսով նրան զիջում է ՀՅԴաշնակցությունը: Ցավոք, Ցավոք, ԼՂՀ Կոմկուսը չի հավաքել անհրաժեշտ 6 տոկոսը եւ խորհրդարան չի անցել»,- հաղորդել է Նասիբյանը:

Նասիբյանի խոսքով, ԿԸՀ-ն ավելի հստակ տեղեկություններ կտրամադրի տեղական ժամանակով ժամը 20-ին:

Նշենք, որ ընտրություններին մասնակցող ուժերից միայն կոմունիստներն են, որ ընդդիմադիր կողմնորոշում ունեն:

Նշենք, որ պայքարն ընթացել է եւ մեծամասնական (16 տեղ) եւ համամասնական (17 տեղ) ընտրակարգերով: 33 հոգանոց խորհրդարանում 17 մանդատի համար պայքարում են 4 կուսակցություններ. «Ազատ Հայրենիքը» 38 հոգանոց ընտրացուցակով, Արցախի ժողովրդավարական կուսակցությունը՝ 32 հոգանոց ցուցակով, ՀՅԴ-ն` 17 հոգանոց ցուցակով եւ Արցախի կոմունիստական կուսակցությունը` 7 հոգանոց ցուցակով: Մնացած 16 մանդատները վիճարկել են մեծամասնական ընտրակարգով պատգամավորության թեկնածուները: