Թուրքական Անթալիա քաղաքում ճանապարհային պատահարի արդյունքում շրջվել է մի ավտոբուս, 11 զբոսաշրջիկ զոհվել է, եւս 25-ը վնասվածքներ են ստացել, հաղորդում է CNN Turk-ը:

Զբոսաշրջիկների ինքնությունը դեռ չի պարզվել, ենթադրվում է, որ զոհերի թիվը կարող է աճել: Դեպքի վայրում աշխատում են փրկարարական ծառայությունները:

Հաղորդվում է, որ տուժածների մեջ երեխաներ կան: Milliyet-ը հայտնում է, որ ավտոբուսը ռուս զբոսաշրջիկների էր տեղափոխում:

Վթարը տեղի է ունեցել Աքսու գավառում, երբ ավտոբուսը «Ալանիա» առողջարանից շարժվում էր դեպի Փամուկկալե: Ոստիկանության նախնական տվյալով, վարորդը քնել է ղեկին, եւ մեքենան 15 մետր բարձրությունից ընկել է Աքսու գետի մեջ:

Վթարի վայր են ուղարկվել շտապօգնության մեքենաները, տուժածներին անհրաժեշտ օգնություն է ցուցաբերվում: Վթարի վայրում 6 կիլոմետրանոց խցանում է առաջացել: