Ադրբեջանի արտգործնախարար Էլմար Մամեդյարովը կարծում է, թե նոր փուլերի համար լայն հնարավորություններ կբացվեն, եթե Հայաստանն ընդունի նորացված Մադրիդյան սկզբունքները, հաղորդում է ադրբեջանական Trend գործակալությունը:
"Եթե համանախագահները ստիպեն Հայաստանին ընդունել Մադրիդյան նորացված սկզբունքները, դա մեծ հնարավորություններ կբացի։ Մենք սպասում ենք Հայաստանի նախագահի եւ արտգործնախարարի պատասխանին. չէ՞ որ նրանք ոչ «այո» են ասում, ոչ էլ «ոչ»,- մայիսի 24-ին ասել է Մամեդյարովը։
Նրա խոսքով, ինքը համանախագահների հետ կհանդիպի հունիսի սկզբին։
Մադրիդյան սկզբունքները ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորման հիմնարար սկզբունքեր են, որոնք ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահներին Մադրիդում ներկայացրել են 2007 թվականին։
Համաձայն Մադրիդյան սկզբունքներին՝ Լեռնային Ղարաբաղը պետք է ինքնորոշվի կամքի ազատ արտահայտման միջոցով, նախատեսվում է նաեւ Արցախի եւ Հայաստանի միջեւ ցամաքային կապի եւ անվտանգության երաշխիքների ապահովում։
Մադրիդյան նորացված սկզբունքերը համանախագահները ներկայացրել են 2010 թվականի հունվարին։



























