ԵԱՀԿ ՄԻնսկի խմբի ամերիկացի նախկին համանախագահ Մեթյու Բրայզայի Արդբեջանում ԱՄՆ դեսպան նշանակելու որոշման վերաբերյալ արդեն արձագանքներ կան հայկական շրջանակներում: Մասնավորապես Ամերիկայի հայ դատի հանձնախմբի գործադիր տնօրեն Արամ Համբարյանն այս կապակցությամբ ասել է. «Մենք ակնկալում ենք, որ ԱՄՆ Սենատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովը եւ Սենատը նրա թեկնածությունը հաստատելիս մեծ ուշադրությամբ կուսումնասիրեն պարոն Բրայզայի կարիերան, ինչպես նաեւ հարցաքննության ընթացքում նրա տված պատասխանները»: Համբարյանն ընդգծել է, որ ամերիկահայերը մի շարք մտահոգություններ ունեն «ամերիկյան դիվանագիտությունում Բրայզայի պահվածքի առնչությամբ»:
Հիշեցնենք, որ Բրայզան ամուսնացած է ազգությամբ թուրք Զեյնո Բարանի հետ, միշտ սերտ հարաբերությունների մեջ է եղել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի եւ քաղաքական վերնախավի հետ։ Ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործընթացում նրա միջնորդական ջանքերը հաճախ աչքի են ընկել հստակ ադրբեջանամետ կողմնորոշմամբ։
Նշենք, որ Բրայզայի թեկնածությունը նախ պետք է հաստատի Արտաքին հարաբերությունների հանձնաժողովը, ապա Սենատը։




























