Երեւանի քաղաքապետ Գագիկ Բեգլարյանը մայիսի 25-ին ընդունել է ՀՀ-ում Չինաստանի Ժողովրդական Հանրապետության նորանշանակ արտակարգ եւ լիազոր դեսպան Թիան Չանչունին՝ տեղեկանում ենք քաղաքապետարանի կայքէջից։
Երեւանի քաղաքապետը շնորհավորել է դեսպանին մեր երկրում դիվանագիտական առաքելությունն սկսելու կապակցությամբ եւ հույս հայտնել, որ Երեւանի եւ Պեկինի միջեւ այսուհետ ավելի կսերտանան եւ գործնական հիմքերի վրա կդրվեն հարաբերությունները:
Կողմերը քննարկել են Երեւանի եւ Պեկինի միջեւ հետագա համագործակցությանն առնչվող մի շարք հարցեր: Երեւանի քաղաքապետը որպես առաջնահերթ ծրագիր կարեւորել է հատկապես համագործակցությունը տրանսպորտային խնդիրների լուծման ուղղությամբ:
Կողմերը պայմանավորվել են առաջիկայում ավելի հստակեցնել այն ուղիները, որոնք Չինաստանից Երեւան նոր ավտոբուսներ ներկրելու հնարավորություն կընձեռեն: «Մեր համաքաղաքացիների հարմարավետ երթեւեկն ապահովելու համար անհրաժեշտ են ժամանակակից ավտոբուսներ»,- նշել է Գագիկ Բեգլարյանը:
Չինաստանի արտակարգ եւ լիազոր դեսպանն ընդգծել է, որ հնարավորինս կաջակցի երկու երկրների մայրաքաղաքների միջեւ հաստատված գործընկերային կապերն ամրապնդելուն:



























