Համաձայն Հայաստանի ազգային վիճակագրական ծառայության զեկույցի՝ երկրում մշտական բնակչության թվաքանակը այս տարվա ապրիլի 1-ի դրությամբ կազմել է 3 մլն 251,9 հազար մարդ, ինչը նախորդ տարվա ցուցանիշի համեմատությամբ աճել է 13 հազարով կամ 0,4 տոկոսով:

Ընդ որում, Հայաստանի քաղաքային եւ գյուղական բնակչության հարաբերակցությունը մեկ տարվա ընթացքում չի փոխվել: 64 տոկոսը բնակվում է քաղաքներում, ընդ որում՝ միայն մայրաքաղաքին բաժին է հասնում 34,4 տոկոսը:

Հայաստանի մշտական բնակչության 13 հազար աճի ավանդի մեծ մասը պատկանում է քաղաքներին՝ 8,3 հազար, իսկ գյուղական բնակավայրերին բաժին են հասնում 4,7 հազարը:

Նշենք, որ 1989թ. հունվարի 1-ին կայացած մարդահամարի տվյալներով, Հայաստանի մշտական բնակչության թիվը կազմել է 3 մլն 448,6 հազար մարդ: Հետեւաբար, պաշտոնական տվյալներով, վերջին երկու տասնամյակում Հայաստանը լքել են 200 հազար մարդ: