Վրաստանի նախագահ Միխայիլ Սահակաշվիլին հայտարարել է, որ Վրաստանը պատրաստ է խզել իր կապերն «արդիականացված Ռուսաստանի հետ»։
«Մենք կսպասենք այնքան, մինչ որ գերարդիականացված Վրաստանը ցանկալի գործընկեր լինի արդիականացված Ռուսաստանի համար»,- «Նովոստի Գրուզիայի» հաղորդմամբ՝ մայիսի 25-ին այս մասին հայտարարել է Սահակաշվիլին։
Վրաստանի նախագահն ասել է, որ Ռուսաստանն այսօր ավելի շատ խնդիրներ ունի, քան ԽՍՀՄ-ը 80-ական թվականներին։
«Մենք պետք է շարունակենք մեր բռնած ուղին։ Ռուսաստանը վաղ, թե ուշ եւս կանցնի արդիականացման ուղին։ Դա կլինի ավելի վաղ, քան ոմանք պատկերացնում են»,-հավաստիացրել է Սահակաշվիլին։
Նա նաեւ նշել է, որ Վրաստանը չի պատրաստվում խզել իր հարաբերությունները Ռուսաստանի հետ՝ երկարաժամկետ հեռանկարում։
«Դիվանագիտական հարաբերությունների դադարեցումը Ռոսաստանի հետ մեր նախաձեռնությամբ չի եղել։ Այդ հարաբերությունները խզվեցին այն բանից հետո, երբ Ռուսաստանը դադարեց ճանաչել Վրաստանի Հանրապետությունը»,-ասել է Սահակաշվիլին։
Վրաստանի նախագահի խոսքով, Ռուսաստանի կողմից շրջափակման արդյունքում եղավ վրացական արտադրանքի վերակողմնորոշում դեպի այլ շուկաներ եւ տնտեսական դիվերսիֆիկացիա։
Նա դրական է գնահատել այն փաստը, որ այսօր Վրաստանի տնտեսությունը կախված չէ Ռուսաստանի տնտեսությունից։




























