Ռազմավարական ազգային հետազոտությունների հայկական կենտրոնի ղեկավար Ռիչարդ Կիրակոսյանը այսօր տեղի ունեցած քննարկման ժամանակ Հայաստանում 2008-ին տեղի ունեցած դեպքերը համեմատել է Թաիլանդում, Ղրղզստանում ու Իրանում տեղի ունեցած դեպքերի հետ: Մասնավորապես, նա նշել է, որ Թաիլանդում ընդդիմության եւ կառավարության միջեւ 2 ամիս տեւած բախումների ընթացքում զոհվել է 85 հոգի, իսկ Հայաստանում մարտի 1-ի դեպքերին զոհ է գնացել 10 հոգի: «Երկու երկրներում էլ լարվածության պատճառները տնտեսական էին: Մարդիկ պահանջում էին նոր ընտրություններ եւ կոռուպցիայի վերացում: Եվ Թաիլանդում, եւ Ղրղզստանում փողոցներում ցույցեր չկան այլեւս, սակայն հիմնական խնդիրները լուծված չեն: Թաիլանդը կարող է օրինակ ծառայել Հայաստանի համար, թե ինչպես չի կարելի անտեսել ժողովրդավարական փոփոխությունները»,- ասել է նա ու հավելել, որ երկու երկրներում էլ փոխզիջման չգնացին` դա համարելով թուլության, այլ ոչ ուժեղության նշան:
Ինչ վերաբերում է Ղրղզստանին, Կիրակոսյանն ասել է, որ Բակիեւի իշխանութան տապալման պատճառը կոռուպցիան եւ անօրինականություններն էին: Ներկայիս իշխանությունները ոչ ընտրված են, ոչ էլ բավականաչափ լեգիտիմ եւ դեմառդեմ կանգնած են այն նույն խնդիրների առջեւ, ինչ Բակիեւի իշխանությունը: «Ղրղզստանից եւս դասեր քաղելու հնարավորություն կա: Բարեփոխումներ չկատարելու պատճառով կարող է անկայուն իրավիճակ ստեղծվել: Լեգիտիմ լինելու միակ ճանապարհը ներքին բարեփոխումներ կատարելն է, ոչ թե արտաքին քաղաքականության հաջողությունները»,-ընդգծել է փորձագետը:
Ըստ նրա, Իրանում նույնպես հետընտրական ճգնաժամ է: Հունիսի 12-ին լրանում է Իրանի տխրահռչակ ընտրությունների մեկ տարին, որը խթան կհանդիսանա ընդդիմության ակտիվացման համար: Կիրակոսյանի խոսքով, Իրանը Հայաստանի համար կարեւոր է ռազմական անվտանգության առումով: Թուրքիան Իրանին առաջարկում է ուրանի հարստացում իր տարածքում: Ըստ փորձագետի, Հայաստանը պետք է հաշվի առնի 3 հանգամանք:
Առաջինը, Թուրքիայի աճող դերն է տարածաշրջանային եւ գլոբալ առումով, 2-րդը` նոր բաժանարարար գիծն է Թուրքիայի եւ Արեւմուտքի միջեւ: Թուրքիան Բրազիլիայի հետ մի քաղաքականություն է իրականացնում, որը հակասում է Արեւմուտքի քաղաքականությանն Իրանի հարցում: Երրորդը, Կիրակոսյանի խոսքով, նոր բաժանարար գիծն է Թուրքիայի եւ Իսրայելի միջեւ:
Ամփոփելով իր խոսքը վերլուծաբանը նշել է, որ Հայաստանը եթե ներգրավված չլինի գլոբալ իրադարձություններում, տանուլ է տալու, որի օրինակն է ԵԽ վերջին բանաձեւը: Նրա խոսքով, գլխավոր դասը, որ պետք է քաղվի վերահիշյալ երկրներից, հետեւյալն է. «Ոչ մի երկիր արտաքին ուժեղ քաղաքականություն չի կարող ունենալ, առանց ուժեղ լինելու ներքին քաղաքականությունում»:



























